Ռուսաստան

Մեդինսկին հայտարարել է Աբու Դաբիի բանակցությունների արդյունքներով ռազմագերիների խոշոր փոխանակման մասին

2 րոպեի ընթերցում

Մեդինսկին հայտարարել է Աբու Դաբիի բանակցությունների արդյունքներով ռազմագերիների խոշոր փոխանակման մասին

Աբու Դաբիում կայացած ԱՄՆ-Ռուսաստան-Ուկրաինա եռակողմ բանակցությունների ընթացքում կողմերը «դիրքորոշումներ են փոխանակել», որոշ հարցերի շուրջ փոխըմբռնման են հասել, իսկ որոշ հարցերի շուրջ՝ ոչ, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը։

«Բանակցությունները կշարունակվեն»,- ասել է Մեդինսկին։

Նրա խոսքով՝ բանակցությունների կենտրոնական թեման Եվրոպայում անվտանգության ճարտարապետությունն է եղել։

«Մենք սկզբունքային համաձայնության ենք եկել գերիների լայնածավալ նոր փոխանակման շուրջ, որի կոնկրետ պարամետրերը կհրապարակվեն մոտ ապագայում», - հայտարարել է Մեդինսկին։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի բանագնացները՝ Սթիվ Ուիթքոֆն ու Ջարեդ Քուշները, «անկեղծ և արդյունավետ մարդիկ են», որոնք «միտված են արդյունքի հասնելուն», ասել է Մեդինսկին՝ պատասխանելով նրանց դերի մասին հարցին։

Ռուսական պատվիրակության ղեկավարը լրագրողների հետ զրույցում նշել է, որ բանակցային գործընթացի կոնկրետ մանրամասները «երբեք չեն քննարկվում»։

Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի մասնակցությամբ եռակողմ բանակցությունները, որոնք փետրվարից ի վեր առաջինն էին, ընթացել են երկու օր՝ նոյեմբերի 10-ին և 11-ին։

Աբու Դաբի էին ժամանել նաև եվրոպական երկրների և ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները։ Ուկրաինայի և ԱՄՆ-ի ներկայացուցիչներն առանձին հանդիպումներ են ունեցել նրանց հետ։

«Մենք այնքան էլ չենք հասկանում, թե ինչ կարգավիճակով են նրանք այստեղ գտնվում», - հայտարարել է Մեդինսկին՝ քննադատելով Եվրոպային Կիևին զենք մատակարարելու համար։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում