Ուկրաինայի և Հարավային Կորեայի ԱԳ նախարարներն «անկեղծ» քննարկում են ունեցել՝ դիվանագիտական սկանդալի ֆոնին
3 րոպեի ընթերցում

Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիհան Փարիզում Մեծ յոթնյակի երկրների գագաթնաժողովի շրջանակում նոյեմբերի 10-ին հանդիպել է Հարավային Կորեայի իր պաշտոնակից Չո Հյունի հետ՝ հյուսիսկորեացի ռազմագերիների շուրջ երկու երկրների միջև ծագած դիվանագիտական սկանդալի ֆոնին։ Նա նշել է, որ Կիևի և Սեուլի միջև հարաբերությունները վերականգնման ճանապարհին են։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։
Սիբիհան հայտարարել է, որ «լավ հանդիպում» է ունեցել Չո Հյոնի հետ և գոհ է, որ երկու երկրների հարաբերությունները կարգավորվում են։ Նա նաև նշել է, որ «առջևում են երկկողմ հարաբերությունների լիարժեք կարգավորման հաջորդ քայլերը»։
«Մենք արժանի ենք Հարավային Կորեայի հետ չափազանց դինամիկ և բարձր մակարդակի երկկողմ հարաբերությունների։ Մենք իսկապես լավ զրույց ունեցանք, որի ընթացքում անկեղծորեն քննարկեցինք վերջերս տեղի ունեցած տհաճ իրադարձություններն ու փաստերը», - ասել է Սիբիհան Ուկրաինայի ազգային հեռուստաընկերությանը։
Հարավային Կորեայի արտաքին գործերի նախարարությունն իր հերթին նոյեմբերի 11-ին հայտնել է, որ բանակցությունների ընթացքում Չո Հյոնը հույս է հայտնել, որ երկու երկրների միջև առկա բոլոր չլուծված հարցերը սահուն կերպով կհարթվեն։
Նախարարության հաղորդագրության համաձայն՝ Չոն նշել է, որ Սեուլը շարունակելու է դիտարկել Ուկրաինային մարդասիրական օգնություն տրամադրելու և երկրի վերականգնմանն աջակցելու հնարավորությունները։
Հոկտեմբերին Հարավային Կորեան հետ էր կանչել Ուկրաինայում իր դեսպանին՝ ի պատասխան ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հայտարարության, որ Կիևը գերեվարված երկու հյուսիսկորեացի զինվորների փոխանցել է Հարավային Կորեային։
Սեուլի պնդմամբ՝ այդ տեղեկության հրապարակումը խախտել էր փոխանցման գաղտնիությունը պահպանելու վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունը, որի նպատակն էր պաշտպանել զինվորներին և նրանց ընտանիքներին Հյուսիսային Կորեայում։
Վեճի ծագումից հետո Սիբիհան հայտարարել էր, որ գաղտնիության վերաբերյալ պայմանավորվածությունները տարբեր կերպ են մեկնաբանվել, և ընդգծել էր, որ Ուկրաինան կատարել է իր բոլոր պարտավորությունները։
Ուկրաինայի և Հարավային Կորեայի գնահատականների համաձայն՝ Հյուսիսային Կորեան 2024 թվականից ի վեր Ռուսաստան է ուղարկել մոտ 14 000–15 000 զինծառայող՝ Ուկրաինայի դեմ պատերազմում Ռուսաստանին աջակցելու նպատակով։ Նրանց մեծ մասը տեղակայվել է Կուրսկի շրջանում՝ ուկրաինական ներխուժումը հետ մղելու համար։