Ռուսաստանը չի համաձայնի Ուկրաինայում անհապաղ հրադադարի, մինչև չիմանա՝ ինչ է լինելու հետո. Լավրով
2 րոպեի ընթերցում

Ռուսաստանը չի համաձայնի եվրոպական երկրների պահանջին Ուկրաինայում անհապաղ հրադադար հաստատելու վերաբերյալ, հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ Մոսկվայի համոզմամբ՝ Բրյուսելն այդ կերպ պարզապես փորձում է ժամանակ շահել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը։
«Այն ամենն, ինչ ներկայում հնչում է Բրյուսելից և Եվրամիության այլ երկրների մայրաքաղաքներից, հանգում է անհապաղ հրադադարի պահանջին։ Այսինքն՝ կրկին գործում է հին տրամաբանությունը՝ ամեն գնով անհրաժեշտ է ժամանակ շահել Կիևի ռեժիմի հովանավորյալների համար և այդ ժամանակն օգտագործել՝ գոնե ինչ-որ կերպ վերականգնելու ռազմական առումով նրանց կրած կորուստները։ Մենք դրան համաձայն չենք լինի, և այս մասին բազմիցս արդեն հայտարարվել է», - լրագրողներին ասել է Լավրովը։
Նախարարը շեշտել է, որ «անվտանգության ապագա ճարտարապետության հստակ չափորոշիչները նախ ձևակերպելու, այնուհետև ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորմանն անցնելու գաղափարը միանգամայն ողջամիտ է»։
«Սակայն հերթական զինադադարին կամ հրադադարին գնալ, անկախ նրանից, թե ինչպես այն կանվանվի, առանց հասկանալու, թե դրանից հետո ինչ է լինելու, մենք դրան չենք համաձայնի», - հավելել է նա։
Լավրովի պնդմամբ՝ եվրոպական երկրների ծրագիրը նախատեսում է Ուկրաինայում հրադադարի հաստատումից անմիջապես հետո կայունացնող ուժեր տեղակայել Կիևի վերահսկողության տակ գտնվող տարածքում։
«Մենք թույլ չենք տա իրականացնել այդ հայեցակարգը», - շեշտել է Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարը։