Զելենսկին հայտարարել է, որ Ռուսաստանը թյուր պատկերացում ունի Դոնբասում իր գրաված տարածքների վերաբերյալ
3 րոպեի ընթերցում

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ նոյեմբերի 10-ին Աբու Դաբիում կայացած եռակողմ բանակցությունների ընթացքում պարզվել է, որ ռուսական պատվիրակությունն իր գրաված տարածքների չափերը ներկայացնում է իրականում եղածից ավելի մեծ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա հայտարարել է Կոպենհագենում կայացած մամուլի ասուլիսում։
Զելենսկին նշել է, որ ԱՄՆ-Ուկրաինա-ՌԴ եռակողմ բանակցությունների ընթացքում ռուսական պատվիրակությունը պնդել է, թե Մոսկվայի վերահսկողության տակ է գտնվում Դոնբասի ավելի մեծ հատված, քան իրականում։
«Ռուսները կարծում են, և իրենք դա իսկապես ասել են, որ օկուպացրել են Դոնբասի այն տարածքի կեսը, որն իրականում գտնվում է մեր վերահսկողության տակ։ Ռուսական կողմից ներկա էին զինվորականներ և հետախուզության ներկայացուցիչներ, և նրանք այս մասին խոսում էին շատ լուրջ», - նրա խոսքերն է մեջբերում «Ունիան» գործակալությունը։
«Պուտինն ապրում է իրականության մասին այլ պատկերացումներով։ Դա խեղաթյուրված իրականություն է։ Եվ, իհարկե, նա այդ պատկերացումները փոխանցում է ամերիկացիներին՝ ասելով. «Ինձ անհրաժեշտ է մեկ, երկու, երեք ամիս, և մենք ամբողջությամբ կօկուպացնենք Ուկրաինայի արևելյան հատվածը, և ես կարող եմ նաև ձեզ նման պատկեր ներկայացնել՝ կլինի ամբողջական օկուպացիա»։ Բայց դա սուտ է։ Դա իրականությանը չի համապատասխանում», - ընդգծել է Զելենսկին։
Ուկրաինայի նախագահի խոսքով՝ Աբու Դաբիում բանակցություններին գտնվող Եվրոպայում ՆԱՏՕ-ի միացյալ ուժերի գերագույն հրամանատար Ալեքսուս Գրինկևիչը հաստատել է, որ մարտական գործողությունների ուկրաինական քարտեզն ավելի մոտ է իրականությանը։
Զելենսկին նաև նշել է, որ բանակցությունների ընթացքում Կիևի և Մոսկվայի ներկայացուցիչներն առանձնահատուկ ուշադրություն են դարձրել հումանիտար հարցերին, մասնավորապես՝ ռազմագերիների նոր փոխանակմանը։ Նրա խոսքով՝ Կիևը կփորձի կազմակերպել ռազմագերիների փոխանակում մեծ խմբերով՝ «1000-ը 1000-ի դիմաց» կամ «1500-ը 1500-ի դիմաց» բանաձևով։
Նա նաև մեծ նշանակություն է տվել Աբու Դաբիում Եվրոպայի երկրների և ՆԱՏՕ-ի ներկայացուցիչների ներկայությանը, որոնց հետ ԱՄՆ-ն և Ուկրաինան առանձին բանակցություններ են վարել, և որոնք, սակայն, չեն մասնակցել եռակողմ բանակցություններին։
Զելենսկին նաև հայտնել է, որ նոյեմբերի 11-ին՝ բանակցությունների երկրորդ օրը ավելի շատ կքննարկվեն լարվածության թուլացմանն ուղղված քայլերը, էներգետիկայի ոլորտը, Սև ծովի հարցը, կրկին ռազմագերիների փոխանակումը, ինչպես նաև առաջնորդների մակարդակով եռակողմ հանդիպման հնարավորությունը։