Մշակույթ

ԱՄՆ-ն 166 հազար դոլար կհատկացնի Խորեն Տեր-Հարությանի թանգարանի վերանորոգմանն ու ժառանգության պահպանմանը

4 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ն 166 հազար դոլար կհատկացնի Խորեն Տեր-Հարությանի թանգարանի վերանորոգմանն ու ժառանգության պահպանմանը

Ի նշանավորումն ԱՄՆ անկախության 250-ամյա հոբելյանի՝ Հայաստանում ԱՄՆ դեսպանատան հասարակայնության հետ կապերի պատասխանատու Գրիֆին Ռոզելը և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը միասին ազդարարել են ԱՄՆ ֆինանսավորմամբ իրականացվող նոր 166․000 ԱՄՆ դոլարի ծրագրի մեկնարկը, որով նորոգման ու պահպանության աշխատանքներ են իրականացվելու ամերիկահայ քանդակագործ և նկարիչ Խորեն Տեր-Հարությանի՝ Վաղարշապատում գտնվող թանգարանում։

«ԱՄՆ դեսպանների՝ մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի կողմից ֆինանսավորվող այս ծրագիրը կօգնի ամերիկահայ մոդեռնիստ Խորեն Տեր-Հարությանի գեղարվեստական ժառանգության պահպանությանը և հանրության համար ավելի մատչելի կդարձնի նրա ստեղծագործությունները։          

Ծրագիրը կաջակցի թանգարանի շենքի վերանորոգմանը, երկու ցուցասրահային հարկերի վերականգնմանը և հավաքածուի պահպանման ու ցուցադրման պայմանների բարելավմանը։ Այս աշխատանքների շնորհիվ կբարելավվեն թանգարանում գտնվող 261 արվեստի գործերի պահպանության պայմանները և կձևավորվի այցելուների համար ավելի բարենպաստ միջավայր՝ արվեստագետի ստեղծագործություններին ծանոթանալու համար»,– «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշված է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության տարածած հաղորդագրության մեջ։

ԱՄՆ դեսպանների՝ մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի այս տարվա ծրագիրը,  պայմանավորված ԱՄՆ 250-ամյա հոբելյանով և «Ազատություն 250» նախաձեռնություններով, ուղղված է մշակութային այնպիսի արժեքների պահպանությանը, որոնք ուղղակի կապ ունեն Միացյալ Նահանգների հետ։ Խորեն Տեր-Հարությանի թանգարանը հենց այդպիսի ուղղվածություն ունի և արտացոլում է ամերիկահայ քանդակագործի ունեցած ներդրումը և Հայաստանի ու Միացյալ Նահանգների մշակութային կապերը։

«Այս նոր ծրագրով Միացյալ Նահանգները շարունակում է ավելի քան երկու տասնամյակ առաջ սկսած իր աջակցությունը Հայաստանի մշակութային ժառանգության պահպանությանը։ 2005 թ․ ի վեր ԱՄՆ-ն Մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի միջոցով շուրջ 1,84 միլիոն դոլար է հատկացրել Հայաստանում մշակութային ժառանգության պահպանման 16 ծրագրի։ Այդ ծրագրերը նպաստել են պատմական հուշարձանների, հնավայրերի, արվեստի գործերի և մշակութային ավանդույթների պահպանությանը»,– հայտնում են դեսպանությունից՝ հիշեցնելով, որ ԱՄՆ-ի աջակցությամբ իրականացված նախորդ ծրագրերից են՝

Մեղրիի Սուրբ Հովհաննես եկեղեցի. միջնադարյան եկեղեցու պահպանություն, եկեղեցու պատմական որմնանկարների վերականգնում։

Երերույքի բազիլիկ տաճար. Շիրակի մարզում գտնվող 5-րդ դարի բազիլիկ տաճարի կոնսերվացում և պատմական միջավայրի պահպանում։

Դաշտադեմի ամրոց. միջնադարյան ամրաշինական համալիրի կառույցների պահպանում ու ամրակայում։

Սանահինի վանական համալիր. միջնադարյան համալիրի արևելյան հատվածում գտնվող պատմական եկեղեցիների, հուշակոթողների և այլ հուշարձանների կոնսերվացում։

Արենու քարանձավ. հնավայրի և հնագույն մշակութային շերտերի պահպանում, ինչպես նաև տեղանքի բարելավումներ։

Գյումրիի պատմական որմնանկարներ. հայ նկարիչներ Ռաֆայել Աթոյանի և Հակոբ Հակոբյանի ստեղծագործությունների պահպանում։

ԱՄՆ պետքարտուղարության ԱՄՆ դեսպանների՝ մշակութային արժեքների պահպանության հիմնադրամը գործում է 2001 թ․-ից և աջակցում է համաշխարհային մշակութային ժառանգության պահպանմանը։ Հայաստանում ծրագիրն արտացոլում է ԱՄՆ-ի և Հայաստանի երկարամյա գործընկերությունը և երկրի մշակութային գանձերը պահպանելու երկուստեք հանձնառությունը։

 Նախկինում իրականացված ծրագրերին ծանոթանալու համար դիտե՛ք տեսանյութը։

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում