Եգիպտոսը հայտնել է հութիներից պաշտպանության համար Սաուդյան Արաբիա զորքեր ուղարկելու մասին
2 րոպեի ընթերցում

Եգիպտոսի զինծառայողները գտնվում են Սաուդյան Արաբիայի տարածքում՝ թագավորության ռազմավարական նշանակություն ունեցող օբյեկտները Եմենի հութիների գրոհներից պաշտպանելու համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին France 24 հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Եգիպտոսի արտգործնախարար Բադր Աբդ ալ-Ատտին։
«Մենք արդեն ռազմական ներկայություն ունենք Սաուդյան Արաբիայի մեր եղբայրների և քույրերի խնդրանքով՝ նրանց օգնություն ցուցաբերելու համար (հութիների դեմ պայքարում), և մենք այն ուժեղացնում ենք», - ասել է նախարարը։
Նա ընդգծել է, որ ռազմական ներկայությունն իրականացվում է բացառապես պաշտպանական նպատակներով, այդ թվում նաև մուսուլմանների համար սրբազան Մեքքա և Մեդինա քաղաքները պաշտպանելու համար։
Ինչպես հաղորդում է էմիրաթական The National թերթը, հղում անելով իր աղբյուրներին, խոսքը Սաուդյան Արաբիա մի քանի հարյուր զինվորականներ, ինչպես նաև զրահատեխնիկա, զենիթային համալիրներ և «երկիր-երկիր» դասի հրթիռներ ուղարկելու մասին է։ Մասնավորապես, սպառազինությունների կազմում ներառվել է եգիպտական Amoun ՀՕՊ համակարգը, որը նախատեսված է անօդաչու թռչող սարքերի և ցածր թռչող հրթիռների կալանման համար։
Սա թագավորությունում Կահիրեի կողմից զինծառայողների և սպառազինության տեղակայման առաջին պաշտոնական հաստատումն է։
Ավելի վաղ Եգիպտոսի ազգային պաշտպանության խորհուրդը և երկրի Ներկայացուցիչների պալատը հավանություն էին տվել Սաուդյան Արաբիային ռազմական օգնություն ցուցաբերելու որոշմանը՝ «պաշտպանական հարցերում աջակցություն ցուցաբերելու» նպատակով։