Մարթա Կոսը հայտնել է, որ Մոլդովայի քաղաքացիներին ցուցաբերվող եվրոպական աջակցությունը համերաշխության դրսևորում է. Moldpres
3 րոպեի ընթերցում

Հոդվածը հրապարակվում է «Արմենպրես»-ի և Moldpres-ի միջև ստորագրված համաձայնագրի շրջանակում։
ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսի կողմից հայտարարված 30 միլիոն եվրոյի լրացուցիչ ֆինանսական աջակցությունը Եվրամիության կողմից Մոլդովայի քաղաքացիների հանդեպ դրսևորված համերաշխության քայլ է, որը նպատակ ունի օգնել նրանց հաղթահարել էներգիայի համար վճարումները ցուրտ եղանակին։
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Moldpres-ից, այս մասին Կոսը նշել է «Մոլդովա 1» հանրային հեռուստաալիքի հետ հարցազրույցում։
Նա ընդգծել է, որ այսօր Մոլդովան շատ ավելի անկախ է էներգետիկ շանտաժի ռիսկի պայմաններում։
Պաշտոնյան հիշեցրել է, որ 2025 թվականի փետրվարին Մոլդովա կատարած իր առաջին այցից ի վեր, երբ երկիրը բախվում էր էներգետիկ ճգնաժամի, իշխանությունները զգալի առաջընթաց են գրանցել էներգետիկ անվտանգության ամրապնդման գործում։
Նա հավելել է, որ այդ ձեռքբերումների թվում են եվրոպական ցանցի հետ փոխկապակցվածության զարգացումը և ներդրումները կանաչ էներգետիկայի ոլորտում։ Եվրահանձնակատարի խոսքով՝ եվրոպական էներգետիկ համակարգի առջև ծառացած մարտահրավերներից մեկը ոչ թե ռեսուրսների պակասն է, այլ երկրների միջև էներգիայի փոխադրման հնարավորությունը։
«Եվրոպայում մենք բավարար էներգիա ունենք։ Խնդիրն այն է, թե ինչպես տեղափոխել այդ էներգիան մի երկրից մյուսը։ Դրա համար անհրաժեշտ են էլեկտրացանցեր, և սա այն ոլորտն է, որտեղ Մոլդովան առաջընթաց է գրանցել։ Մեկ այլ կարևոր կողմ է փոխադարձ աջակցությունը։ Եվրոպական միությունը կառուցված է համերաշխության վրա», - նշել է պաշտոնյան։
Կոսը նաև հայտնել է, որ լրացուցիչ 30 միլիոն եվրոյի չափով աջակցությունը տրամադրվում է էներգիայի գների աճի ֆոնին, որն ազդում է ինչպես Մոլդովայի, այնպես էլ եվրոպական երկրների վրա։
«Ուրախ եմ հայտնել, որ Եվրոպական միությունը լրացուցիչ 30 միլիոն եվրո կտրամադրի ձեր քաղաքացիներին՝ ոչ թե կառավարության, այլ հենց մարդկանց համար։ Իհարկե, գումարը կստանա կառավարությունը, սակայն այն նախատեսված է քաղաքացիների համար՝ օգնելու նրանց վճարել էներգիայի դիմաց ստացված հաշիվները կամ նվազեցնել դրանց չափը։
Այս աջակցության միջոցով մենք ցանկանում ենք արտահայտել մեր համերաշխությունը Մոլդովայի քաղաքացիներին, քանի որ տեսնում ենք, թե որքան բարձր ծախսեր եք ստիպված կրել էներգամատակարարման համար», - ասել է Կոսը։