Միացյալ Նահանգներ

Բայդենը հրապարակել է 2020 թ․ ընտրություններում պարտությունից հետո իրեն ուղղված Թրամփի նամակը

3 րոպեի ընթերցում

Բայդենը հրապարակել է 2020 թ․ ընտրություններում պարտությունից հետո իրեն ուղղված Թրամփի նամակը

ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփը 2021 թվականին իր առաջին պաշտոնավորությունից հետո Սպիտակ տունը լքելու օրը ջերմ նամակ է գրել Ջո Բայդենին՝ չնայած նրան, որ դրան նախորդող ամիսների ընթացքում պնդում էր, թե Բայդենը կեղծել է 2020 թվականի ընտրությունները։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Telegraph-ը։

Ձեռագիր նամակը, որը Թրամփը 2021 թ. հունվարի 20-ին թողել էր Օվալաձև աշխատասենյակում, ուղղված է եղել պարզապես «46-ին». սա ակնարկ էր այն մասին, որ Ջո Բայդենը դառնում էր Միացյալ Նահանգների 46-րդ նախագահը։

Նամակում Դոնալդ Թրամփը ջերմությամբ է հիշել պաշտոնավարման շրջանը՝ նշելով, որ Օվալաձև աշխատասենյակում ամենօրյա աշխատանքն «աներևակայելի օրհնություն» էր, և վստահություն հայտնել, որ Ջո Բայդենը «հավատարիմ կմնա ինքն իրեն և ամերիկյան ժողովրդին»։

New York Times-ի փոխանցմամբ՝ նամակը, որի բովանդակությունը գաղտնի էր մնացել գրեթե վեց տարի, ներկայացված է Բայդենի հուշագրություններում, որը կհրատարակվի առաջիկայում։

«Շատ նախագահներ են եկել ու գնացել, որոնք պարզապես կառավարել են որպես հանրապետականներ կամ դեմոկրատներ։ Մեծ հաշվով, նրանք չեն փոխել պատմությունը, այլ պարզապես ընթացել են դրա անողոք հոսանքով։ Ձեզ հետ նման բան տեղի չի ունենա, քանի որ գիտեմ՝ որքան եք սիրում ամերիկյան ժողովրդին», - գրել է Թրամփը։

«Հուսով եմ՝ ամեն օր մի պահ կգտնեք՝ մտորելու այն մասին, թե որտեղ եք գտնվում դուք, և հիշելու ձեզ նախորդած մարդկանց՝ այն հսկաներին, որոնք կերտել են մարդկային իրադարձությունների ընթացքը», - հավելել է նա։

Նամակը գրվել էր Սպիտակ տան պաշտոնական թղթի վրա՝ Թրամփի նախընտրած սև Sharpie մարկերով։ Նա նամակն ավարտել էր հետևյալ խոսքերով. «Թող Աստված օրհնի ձեզ և Ջիլին, և թող Աստված օրհնի Ամերիկան»։

Բայդենն իր գրքում նշել է, որ «կարծես թե երկու Դոնալդ Թրամփ գոյություն ունի»։ Նրա խոսքով՝ իր նախորդը «խորապես ապակայունացրել է մեր ժողովրդավարությունը» և «չի առաջարկել նախագահների միջև ավանդական հանդիպումը»։

«Բայց ահա նա ջերմ խոսքերով բարեմաղթանքներ է հղում այնպես, կարծես դրանք հին ընկերոջից լինեին», - գրել է Բայդենը։

Թրամփը շարունակում է պնդել, թե 2020 թվականի ընտրությունները կեղծված են եղել, և հրապարակայնորեն մեղադրել է Բայդենին տարբեր խնդիրների համար։

Ըստ գրքի՝ 2024 թվականի իր հաղթանակից հետո Թրամփը Բայդենին ասել է. «Գիտե՞ս, Ջո, եթե չլիներ քաղաքականությունը, կարծում եմ՝ մենք լավ ընկերներ կլինեինք»։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում