Բայդենը բարձր է գնահատել Թրամփի ջանքերը Գազայի հատվածում խաղաղության համար
2 րոպեի ընթերցում

ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենը գովաբանել է նախագահ Դոնալդ Թրամփի ջանքերը Գազայի հատվածում խաղաղության հասնելու համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա գրառում է կատարել X սոցիալական հարթակում։
«Ես խորապես երախտապարտ եմ և թեթևացած, որ այս օրը եկել է ողջ մնացած վերջին 20 պատանդների համար, որոնք անցել են անհավանական դժոխքի միջով և վերջապես վերամիավորվել իրենց ընտանիքների և սիրելիների հետ, և Գազայի խաղաղ բնակիչների համար, որոնք կրել են անասելի կորուստներ և վերջապես հնարավորություն կունենան վերականգնելու իրենց կյանքը», - գրել է Բայդենը։
Նա նշել է, որ իր վարչակազմը ևս աշխատել է Գազայի հատվածում պատերազմի դադարեցման ուղղությամբ, և դա հաջողվել է ավարտին հասցնել Թրամփի թիմին։
«Այս համաձայնագրի ճանապարհը հեշտ չէր։ Իմ վարչակազմն անխոնջ աշխատել է պատանդներին տուն վերադարձնելու, պաղեստինցի քաղաքացիական անձանց օգնություն տրամադրելու և պատերազմը դադարեցնելու համար։ Ես բարձր եմ գնահատում նախագահ Թրամփին և նրա թիմին հրադադարի նորացված համաձայնագիրն ավարտին հասցնելու իրենց աշխատանքի համար», - հավելել է նա։
Հոկտեմբերի 13-ին Թրամփի վարչակազմի կողմից մշակված խաղաղության ծրագրի առաջին փուլի շրջանակներում ՀԱՄԱՍ-ը վերադարձրել է 20 ողջ մնացած պատանդներին, իսկ Իսրայելն ազատ է արձակել գրեթե 2000 պաղեստինցի բանտարկյալների։
Ավելի ուշ Շարմ էլ Շեյխում Թրամփը Եգիպտոսի, Թուրքիայի և Կատարի ղեկավարների հետ ստորագրել է փաստաթուղթ Գազայի հատվածում հրադադարի վերաբերյալ։