Մոլդովայի վարչապետը հայտարարել է, որ նախորդ շաբաթ կիբերհարձակումները թիրախավորել են մոտ մեկ միլիոն անձնական նույնականացման տվյալ. Moldpres
3 րոպեի ընթերցում

Հոդվածը հրապարակվում է «Արմենպրես»-ի և Moldpres-ի միջև ստորագրված համաձայնագրի շրջանակում։
Հոկտեմբերի 19-23-ն ընկած ժամանակահատվածում իրականացված կիբերհարձակումները թիրախավորել են մոտ մեկ միլիոն անձնական նույնականացման տվյալ (IDNP), իսկ նախնական տվյալները ցույց են տալիս, որ մոտ 750 000 դեպքում հաջողվել է դուրս բերել առնվազն մեկ տվյալ։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Moldpres գործակալությունից, այս մասին կառավարության նիստի սկզբում հայտարարել է Մոլդովայի վարչապետ Վասիլե Տոֆանը։
Նրա խոսքով՝ Մոլդովայի Հանրապետությունը ենթարկվել է համակարգված և լայնածավալ հարձակումների, որոնք ուղղված են եղել ինչպես քաղաքացիների տվյալներին, այնպես էլ պետության թվային ենթակառուցվածքին։ Պաշտոնյայի խոսքով՝ իշխանությունները նաև ուսումնասիրում են օտարերկրյա պետական դերակատարների հնարավոր ներգրավվածությունը։
«Թիրախում են ոչ միայն քաղաքացիների տվյալները, այլև պետության թվային ենթակառուցվածքը։ Մենք պետք է կիբերանվտանգությունը դիտարկենք որպես ազգային անվտանգության խնդիր», - ընդգծել է կառավարության ղեկավարը։
Վարչապետը նշել է, որ հարձակվողներն օգտագործել են որոշակի թվային ծառայություններում առկա խոցելիությունները՝ ավտոմատացնելով տվյալների դուրսբերման գործընթացը։
Տոֆանը հայտարարել է, որ բանկային քարտերի տվյալները չեն վտանգվել, քանի որ դրանք չեն պահվում կառավարական սերվերներում, այլ՝ բանկերի և վճարային համակարգերի օպերատորների սերվերներում։
«Հիմնական ռիսկն այն է, որ քաղաքացիները կարող են դառնալ սոցիալական ինժեներիայի միջոցով իրականացվող հարձակումների թիրախ՝ ստանալով SMS-ներ, էլեկտրոնային նամակներ կամ զանգեր, որոնց ընթացքում հնարավոր խարդախները փորձում են վստահություն ձեռք բերել, հիշատակում են վերջին հարձակման ժամանակ ձեռք բերված տվյալներից որոշները և համոզում են բացահայտել SMS-ով ստացված գաղտնաբառը, էլեկտրոնային փոստի գաղտնաբառը կամ այլ տեղեկություններ», - զգուշացրել է վարչապետը։
Տոֆանն ասել է, որ ի լրումն հայտնաբերված խոցելիության վերացմանը, իշխանությունները կառուցվածքային փոփոխություններ են ձեռնարկելու՝ պետության թվային անվտանգությունն ամրապնդելու համար։
Վարչապետը նաև անդրադարձել է Եվրամիության կիբերանվտանգության գործակալության (ENISA) զեկույցին, որի տվյալներով՝ վերջին հաշվետու ժամանակահատվածում գրանցվել է 8200 միջադեպ, որոնցից 2600-ն ուղղված է եղել պետական հատվածի դեմ։