Մոլդովայում քննարկվել է Մերձդնեստրի տարածաշրջանի աստիճանական վերաինտեգրման գործընթացը. Moldpres
2 րոպեի ընթերցում

Հոդվածը հրապարակվում է «Արմենպրես»-ի և Moldpres-ի միջև ստորագրված համաձայնագրի շրջանակում։
Մոլդովայի վերաինտեգրման հարցերով փոխվարչապետ Վալերիու Չիվերին կառավարության նիստից հետո հայտարարել է, որ աստիճանական վերաինտեգրման գործընթացը թույլ կտա սահմանել այն բանաձևը, որով Մերձդնեստրի տարածաշրջանը ներկայացված կլինի Մոլդովայի վարչական կառուցվածքում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Moldpres գործակալությունը։
Պաշտոնյայի խոսքով՝ վերաինտեգրման գործընթացը կլինի աստիճանական և թույլ կտա սահմանել Մերձդնեստրի տարածաշրջանի վարչական ներկայացվածության ձևը՝ կա՛մ հատուկ կարգավիճակի միջոցով, կա՛մ շրջանների միջոցով, որոնք հետագայում կներառվեն մարզերի կազմում՝ վարչական նոր բարեփոխմանը համապատասխան։
«Այս փուլում մենք չենք կարող ասել, թե տարածաշրջանը վարչական առումով ինչպես կներկայացվի։ Մենք այս հարցը հանգամանորեն քննարկել ենք մեր գործընկերների հետ և պայմանավորվել, որ դրան կանդրադառնանք հաջորդ փուլում։ Աստիճանական վերաինտեգրման գործընթացը մեզ թույլ կտա սահմանել այն բանաձևը, որով տարածաշրջանը ներկայացված կլինի Մոլդովայի վարչական կառուցվածքում», - նշել է Վալերիու Չիվերին։
Փոխվարչապետը նաև ընդգծել է, որ «վարչական բարեփոխման գործընթացը ներքին գործընթաց է և չի քննարկվում Տիրասպոլի կառույցների ներկայացուցիչների հետ»։
Նշվում է, որ տեղական հանրային կառավարման բարեփոխումը երկրի վարչական վերակազմակերպման գործընթացի մասն է և նպատակ ունի ամրապնդել քաղաքապետարանների կարողությունները, որպեսզի դրանք կարողանան ավելի արդյունավետ կառավարել հանրային ծառայություններն ու տեղական զարգացման ծրագրերը։