Մոլդովայի վարչապետը հայտարարել է, որ իր երկիրը կարող է արտադրել կալանիչ ԱԹՍ-ներ. Moldpres
3 րոպեի ընթերցում

Հոդվածը հրապարակվում է «Արմենպրես»-ի և Moldpres-ի միջև ստորագրված համաձայնագրի շրջանակում։
Մոլդովայի Հանրապետությունը կարող է արտադրել կալանիչ անօդաչու թռչող սարքեր (ԱԹՍ)՝ ներգրավելով ինժեներական և ավտոմոբիլային արդյունաբերության ոլորտի մասնագետների։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Moldpres-ից, այս մասին հայտարարել է Մոլդովայի վարչապետ Վասիլե Տոֆանը։
Նա նշել է, որ իշխանությունները մշակել են օրինագիծ, որը կստեղծի անհրաժեշտ հիմքեր՝ պաշտպանական արդյունաբերությունը զարգացնելու և մասնավոր ներդրումներ ներգրավելու համար։ Վարչապետը հավելել է, որ երկրի օդային տարածքի բազմակի խախտումների համատեքստում անհրաժեշտ է զարգացնել պաշտպանական ներուժը։
Պաշտոնյան նշել է, որ Մոլդովան ունի մասնագետներ, որոնք կարող են նպաստել ԱԹՍ-ների տեղական արտադրության զարգացմանը՝ հատկապես մեքենաշինության, էլեկտրատեխնիկայի և մալուխների արտադրության ոլորտներում։
«Մենք այստեղ ունենք շատ լավ ինժեներներ, էլեկտրիկներ և մեխանիկ-ինժեներներ, որոնք աշխատում են մալուխների արտադրության և ավտոմոբիլային արդյունաբերության մեջ, հատկապես՝ երկրի հյուսիսային հատվածում։ Ինչո՞ւ չօգտագործել այդ տաղանդները նաև կալանիչ անօդաչու թռչող սարքեր արտադրելու համար։ Սա տասնյակ միլիարդների հասնող համաշխարհային արդյունաբերություն է։ Մենք չպետք է խուսափենք դրանից և սարքերը գնենք օտարերկրացիներից։ Մենք պետք է արտադրենք մերը, քանի որ, անկասկած, ունենք մարդիկ, ովքեր կարող են դրանք ստեղծել», - ասել է Վասիլե Տոֆանը։
Նրա խոսքով՝ ընդունված օրենսդրությունը թույլ կտա Մոլդովային արտադրել այլ ԱԹՍ-ներ որսալու համար նախատեսված անօդաչուներ։
«Արդյունքները կերևան միայն բավականին երկար ժամանակ անց, մինչդեռ Մոլդովայի Հանրապետությանը պաշտպանություն է անհրաժեշտ ամեն օր, քանի որ հենց վերջերս անօդաչու թռչող սարքերն անարգել թռչում էին Քիշնևի վրայով։ Սա իրականություն է։ Մենք այլևս չենք կարող անտեսել այն», - հայտարարել է նա։
Ըստ վարչապետի՝ միայն նոյեմբերի 21-ի ընթացքում Մոլդովայի Հանրապետության տարածքում հինգ ԱԹՍ է ընկել։
Անդրադառնալով երկրի անվտանգությանը՝ նա նշել է, որ դրա գլխավոր երաշխիքը եվրոպական գործընկերների հետ սերտ հարաբերություններն են։
Պատասխանելով ՆԱՏՕ-ի անդամ հարևան պետության հետ անվտանգության համաձայնագրի կնքման կամ Մոլդովայի՝ դաշինքին անդամակցելու հնարավորության վերաբերյալ հարցին՝ Տոֆանը նշել է, որ իշխանությունները պետք է հաշվի առնեն քաղաքացիների դիրքորոշումը և չեզոքության պահպանմանն ուղղված ներկայիս աջակցությունը։