Մերձավոր Արևելք

Թրամփը ողջունել է Իրաքի վարչապետի ջանքերը երկրի ողջ տարածքում պետական ​​իշխանությունը հաստատելու ուղղությամբ

2 րոպեի ընթերցում

Թրամփը ողջունել է Իրաքի վարչապետի ջանքերը երկրի ողջ տարածքում պետական ​​իշխանությունը հաստատելու ուղղությամբ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նոյեմբերի 27-ին հայտարարել է, որ Միացյալ Նահանգներն աջակցում է Իրաքի վարչապետ Ալի ազ Զեյդիի ջանքերին՝ ամբողջ երկրում պետական ​​իշխանությունը հաստատելու, այդ թվում՝ իրաքյան նավթի մաքսանենգությունը դադարեցնելու ուղղությամբ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Թրամփը գրառում է կատարել Truth Social հարթակում։

«Մենք աջակցում ենք Իրաքի վարչապետ Ալի ազ Զեյդիի ջանքերին՝ ամբողջ Իրաքում պետական ​​իշխանությունը հաստատելու, իրաքյան նավթի մաքսանենգությունը դադարեցնելու, կոռուպցիան վերացնելու և բոլոր զինատեսակները պետության բացառիկ վերահսկողության տակ վերցնելու ուղղությամբ», - գրել է Թրամփը։

Նա նաև նշել է, որ աջակցում է վարչապետ ազ Զեյդիի ջանքերին՝ կառուցելու միասնական, բարգավաճ և ուժեղ Իրաք, որն ինքնուրույն է կայացնում իր քաղաքական որոշումները։

Իրաքի վարչապետը պաշտոնը ստանձնելուց ի վեր լավ հարաբերություններ է հաստատել Թրամփի հետ։

Իրաքի դաշնային կառավարության և ինքնավար Քրդստանի տարածաշրջանային կառավարության միջև լարվածությունը սրվել է ազ Զեյդիի հրահանգից հետո, որով դաշնային անվտանգության ուժերին հանձնարարվել է մուտք գործել տարածաշրջան և վերահսկողություն հաստատել սահմանային անցակետերի և նավթահանքերի նկատմամբ։

Այս քայլին նախորդել էր կառավարության հետաքննությունը՝ կապված Քրդստանում նավթի մաքսանենգության հետ։ Նոյեմբերի 23-ին Իրաքի նավթի նախարար Բասեմ Խուդեյրը Իրաքյան Քրդստանի իշխանություններին մեղադրել էր դաշնային North Oil Company ընկերությանը պատկանող նավթահանքերի նկատմամբ ոչ իրավազոր վերահսկողություն իրականացնելու մեջ և պահանջել դրանք վերադարձնել կենտրոնական վարչակազմի կառավարման ներքո։ Նա նշել էր, որ հետաքննությունը թույլ է տվել հաստատել Իրաքի հյուսիսային նավթահանքերից նավթի մաքսանենգության դեպքերը։

Քրդական իշխանությունները խստորեն դատապարտել են վարչապետի այս քայլը՝ որակելով այն որպես Քրդստանի տարածաշրջանի սահմանադրական իրավունքների խախտում։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում