Իրաքի դատարանը 8 ֆրանսիացու ցմահ ազատազրկման է դատապարտել ԻՊ-ին անդամակցելու համար
2 րոպեի ընթերցում

Իրաքի դատարանը նոյեմբերի 26-ին Ֆրանսիայի ութ քաղաքացու դատապարտել է ցմահ ազատազրկման՝ «Իսլամական պետություն» (ԻՊ) խմբավորմանը միանալու համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է France 24-ը։
Եվս երկու ֆրանսիացի մեղադրյալ դատապարտվել է 15-ական տարվա ազատազրկման նմանատիպ մեղադրանքներով, մինչդեռ 10 անձանց դատավճիռները հետաձգվել են։
Նոյեմբերի 26-ին դատավճիռներ ստացած 10 անձինք Ֆրանսիայի այն 47 քաղաքացիների թվում են, որոնք 2025 թվականին Սիրիայից Իրաք տեղափոխվելուց հետո սեպտեմբերից ի վեր կանգնել են դատարանի առաջ։
Դատարանն ավելի վաղ արդեն խմբավորման 15 անդամի դատապարտել էր ցմահ ազատազրկման, իսկ մեկ անձ ստացել էր 15 տարվա ազատազրկման պատիժ։
Դատավճռին սպասողների թվում է Ադրիեն Գիհալը, որը հնչեցրել է ԻՊ-ի խմբավորման հայտարարությունը, որում խմբավորումը ստանձնում էր պատասխանատվությունը 2016 թվականին Նիցցա քաղաքում տեղի ունեցած հարձակման համար, երբ հանցագործը բեռնատարով մխրճվել էր Բաստիլի գրավման օրվա տոնակատարությանը մասնակցող բազմության մեջ՝ խլելով 86 մարդու կյանք։
«Իսլամական պետություն» խմբավորումը 2014 թվականին ներխուժել է Սիրիա և Իրաք՝ իրականացնելով կոտորածներ, կանանց ու աղջիկներին ենթարկելով սեռական ստրկության: Խմբավորման բազմաթիվ կողմնակիցներ Եվրոպայից և այլ վայրերից ժամանել են՝ համալրելու նրա շարքերը։
Իրաքի բանտերը, որոնք արդեն իսկ լի են «Իսլամական պետություն» խմբավորման հետ առնչություն ունեցող անձանցով, վերջերս ընդունել են հարևան Սիրիայից տեղափոխված հազարավոր այլ կալանավորների։
ԱՄՆ-ի գլխավորած ուժերի աջակցությամբ Իրաքը 2017 թվականին հայտարարեց ԻՊ-ի նկատմամբ հաղթանակի մասին, իսկ Վաշինգտոնի աջակցությամբ քրդերի գլխավորած ուժերը երկու տարի անց հաղթեցին խմբավորմանը հարևան Սիրիայում։