Բաղդադը մտադիր է վերահսկողության տակ վերցնել Իրաքյան Քրդստանի նավթահանքերն ու սահմանները
3 րոպեի ընթերցում

Իրաքի վարչապետ Ալի ազ Զեյդին նախարարություններին և անվտանգության ծառայություններին հրահանգներ է ուղարկել, որոնք նախատեսում են դաշնային իշխանությունների կողմից վերահսկողության հաստատում ինքնավար Իրաքյան Քրդստանի նավթային պաշարների և սահմանների նկատմամբ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The National պարբերականը։
Նոյեմբերի 23-ին Իրաքի նավթի նախարար Բասեմ Խուդեյրը Իրաքյան Քրդստանի իշխանություններին մեղադրել է դաշնային North Oil Company ընկերությանը պատկանող նավթահանքերի նկատմամբ ոչ իրավազոր վերահսկողություն իրականացնելու մեջ և պահանջել է դրանք վերադարձնել կենտրոնական վարչակազմի կառավարման ներքո։ Նա նշել է, որ հետաքննությունը թույլ է տվել հաստատել Իրաքի հյուսիսային նավթահանքերից նավթի մաքսանենգության փաստերը։
Մասնավորապես, Իրաքի վարչապետն Իրաքյան Քրդստանի կառավարությունից պահանջել է առանց Իրաքի նավթի նախարարության թույլտվության չտրամադրել նավթի և նավթամթերքի արտահանման թույլտվություններ։ Գերատեսչությունը հրահանգ է ստացել իր վերահսկողության տակ վերցնել Դիյալայի, Քիրքուքի, Նայնավայի և Սալահ էդ Դինի նահանգների նավթահանքերը։ Ընդ որում, Դիյալան և Քիրքուքը ներառված են Իրաքյան Քրդստանի կազմում։
Իրաքի ներքին գործերի նախարարության առջև նպատակ է դրվել նավթային օբյեկտներում տեսախցիկներ տեղադրել իրավիճակին հետևելու նպատակով։ Իշխանությունները պետք է մշակեն բոլորի համար պարտադիր մեխանիզմ, որը կկարգավորի նավթամթերքի փոխադրումները Իրաքի նահանգների միջև և արտասահման։
Իսկ սահմանապահ ծառայությունն առաջադրանք է ստացել փակել Իրաքի՝ այլ երկրների հետ սահմանների հատման բոլոր ոչ պաշտոնական անցակետերը։ Զինվորականներին հանձնարարվել է փակել այդ տարածաշրջանի բոլոր գյուղական ճանապարհները։
The National-ը հիշեցնում է, որ 2003 թվականին ԱՄՆ-ի՝ Իրաք ներխուժումից ի վեր հողերի և բնական պաշարների նկատմամբ վերահսկողության հարցը դարձել է Իրաքի քրդերի և կենտրոնական իշխանությունների հարաբերությունների ամենաբարդ խնդիրներից մեկը։
Իրաքյան Քրդստանի իշխանությունները պնդում են, որ երկրի Սահմանադրությունը թույլ է տալիս իրենց առևտրային գործարքներ կնքել՝ առանց Բաղդադի հավանության, մինչդեռ դաշնային իշխանություններն այդ գործելակերպն անօրինական են համարում։ Տարաձայնությունները երբեմն հանգեցրել են նրան, որ կենտրոնական կառավարությունը պահել է դաշնային բյուջեից Իրաքյան Քրդստանին հատկացվելիք միջոցների մի մասը։