Աշխարհ

Փարիզում ոստիկանները պահանջել են աշխատավարձերի բարձրացում՝ երկրում շարունակվող ցույցերի ֆոնին

2 րոպեի ընթերցում

Փարիզում ոստիկանները պահանջել են աշխատավարձերի բարձրացում՝ երկրում շարունակվող ցույցերի ֆոնին

Փարիզում ոստիկանները ցույցի են դուրս եկել Ելիսեյան պալատից ոչ հեռու գտնվող Ֆրանսիայի ներքին գործերի նախարարության շենքի մոտ՝ պահանջելով բարձրացնել իրենց աշխատավարձերը երկրում շարունակվող կենսապահովման ծախսերի թանկացման դեմ բողոքի ցույցերի ֆոնին, որոնց ընթացքում անվտանգության ապահովման աշխատանքներում ոստիկանները մշտապես ներգրավվում են։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը։

Ավելի վաղ Ֆրանսիայի ոստիկանության CRS 8 հատուկ ստորաբաժանումը, որը նախատեսված է անկարգությունները ճնշելու համար, ամբողջ կազմով ծառայության չի դուրս եկել համազգային ցույցերի օրը՝ նոյեմբերի 17-ին։

Իրավապահները՝ քաղաքացիական հագուստով, նախարարության մոտ են հավաքվել ոստիկանության Alliance Police Nationale արհմիության կոչով։ Ոստիկանները պահանջում են բարձրացնել ռիսկի համար նախատեսված հավելավճարները, որի չափը նույնն է մնում արդեն մի քանի տարի։

Ֆրանսիայում բողոքի ցույցերն սկսվել են սեպտեմբերի կեսերին, երբ Փարիզի արվարձաններում փողոց են դուրս եկել ավագ դպրոցների աշակերտները՝ պահանջելով բարելավել դպրոցների վիճակը։ Ավելի ուշ նրանց են միացել երկրում գների բարձրացումից դժգոհ քաղաքացիները, իսկ բողոքի ակցիաները տարածվել են այլ տարածաշրջաններում։

Ամենամարդաշատը հոկտեմբերի 17-ին անցկացված համազգային ցույցն է եղել։ ՆԳՆ-ի տվյալներով՝ դրան մասնակցել է շուրջ 550 000 մարդ։ Ֆրանսիայի իրավապահները բողոքի մասնակիցների դեմ կիրառել են արցունքաբեր գազ, լուսաձայնային նռնակներ և ջրցան մեքենաներ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում