Վրաստան

Կոբախիձեն կողմ է արտահայտվել Ռուսաստանի հետ երկխոսության շարունակմանը

2 րոպեի ընթերցում

Կոբախիձեն կողմ է արտահայտվել Ռուսաստանի հետ երկխոսության շարունակմանը

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հանդես է եկել Ռուսաստանի հետ երկխոսությունը պահպանելու օգտին՝ նշելով, որ ռուս ժողովուրդը թանկ է վրաց ժողովրդի համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը։

«Երկխոսությունը պետք է շարունակվի մեկ պարզ պատճառով՝ ռուս ժողովուրդը մեզ համար թանկ է։ Դա մեր հարևան երկիրն է։ Քաղաքականությունը փոխվում է, սակայն ժողովուրդը մնում է ժողովուրդ։ Նույնիսկ եթե Անտարկտիդան հալվի, մենք միևնույն է հարևաններ կմնանք։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ երկխոսությունը միշտ անհրաժեշտ է, մենք պետք է պահպանենք այն», - լրագրողների հետ զրույցում ասել է Կոբախիձեն։

Նա նաև կողմ է արտահայտվել Ռուսաստանի հետ հարաբերությունների հարցերով հատուկ ներկայացուցիչ Գեորգի Զուրաբաշվիլիի և ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինի միջև Մոսկվայում և Թբիլիսիում  բանակցություններ վարելուն, բայց հանդիպումները պետք է կազմակերպվեն հերթագայությամբ։

«Հանդիպումներն, անշուշտ, կարող են տեղի ունենալ թե՛ Մոսկվայում, թե՛ Թբիլիսիում, բայց եթե նման մոտեցում գտնվի, սկզբունքորեն կարևոր է, որ հանդիպումները Մոսկվայում և Թբիլիսիում տեղի ունենան հերթագայությամբ», - ասել է Կոբախիձեն:

Նոյեմբերի 19-ին Զուրաբաշվիլին և Գալուզինը Մինսկում անցկացրել են առաջին բանակցությունները։ Վրացական կողմի տեղեկություններով՝ նրանք քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցերը, ինչպես նաև Հարավային Կովկասում անվտանգության և կայունության վերաբերյալ միջազգային քննարկումների ընթացքը։

Ռուսական կողմը նշել է, որ տեղի է ունեցել երկկողմ համագործակցության արդիական հարցերի շուրջ կարծիքների հանգամանալից փոխանակում. շեշտը դրվել է առևտրատնտեսական և մշակութային-հումանիտար համագործակցության վրա։ Ձեռք են բերվել մի շարք գործնական պայմանավորվածություններ։

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում