Ռուսաստան

Մոսկվայում նշվել է ԱՊՀ ՄՀԳՀ-ի հիմնադրման 20-ամյակը

3 րոպեի ընթերցում

Մոսկվայում նշվել է ԱՊՀ ՄՀԳՀ-ի հիմնադրման 20-ամյակը

Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում՝ Պաշկովի տանը, տեղի է ունեցել Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) մասնակից պետությունների միջպետական հումանիտար համագործակցության հիմնադրամի (ՄՀԳՀ) հիմնադրման 20-ամյակին նվիրված հանդիսավոր երեկո։

Մոսկվայում «Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ՝ միջոցառմանը ներկա են եղել ԱՊՀ երկրների մշակույթի և կրթության նախարարությունների, դիվանագիտական ներկայացուցչությունների ներկայացուցիչներ, ԱՊՀ գործադիր կոմիտեի ղեկավարներ, ինչպես նաև հիմնադրամի գործընկերներ Համագործակցության անդամ երկրներից։

Երեկոն բացել է ՄՀԳՀ կառավարման խորհրդի համանախագահ Միխայիլ Շվիդկոյը։ Նա ընդգծել է հումանիտար համագործակցության կարևորությունը՝ նշելով, որ դրա անհրաժեշտության գիտակցումն է հիմք դարձել հիմնադրամի ստեղծման համար։

ՄՀԳՀ գործադիր տնօրեն Անատոլի Իկսանովի խոսքով՝ անկախ քաղաքական բարդություններից և ֆինանսական դժվարություններից,  տարբեր երկրների հասարակ քաղաքացիները ձգտում են շփվել, ընկերանալ և պահպանել մարդկային կապերը։ Նա ընդգծել է, որ հիմնադրամն իր գործունեության ընթացքում կարևորում է մտավոր և մշակութային վերնախավի ներուժը՝ նրանց ձեռքբերումները հասանելի դարձնելով հնարավորինս լայն շրջանակների համար։ Որպես հաջողված նախաձեռնություններից մեկը՝ Իկսանովն առանձնացրել է «Համագործակցության մշակութային մայրաքաղաքներ» նախագիծը, որի շրջանակում տարբեր երկրների քաղաքներում կազմակերպվում են հյուրախաղեր, ցուցահանդեսներ և փառատոներ։

Ծրագրի իրականացման տարիներին մշակութային մայրաքաղաքի կարգավիճակ է ստացել 22 քաղաք։ 2026 թվականին այդ պատվավոր տիտղոսը կրում է Հայաստանի Մեղրի քաղաքը, իսկ 2027 թվականին այն կփոխանցվի Բելառուսի Մոլոդեչնո քաղաքին։ Հիմնադրամի նախաձեռնություններից են նաև «Համագործակցության նորամուտներ» միջպետական երիտասարդական մրցանակը և ԱՊՀ երիտասարդական սիմֆոնիկ նվագախմբի ստեղծումը։

Հոբելյանական երեկոյի շրջանակում հյուրերը ներկա են եղել նաև երիտասարդական սիմֆոնիկ նվագախմբի համերգին, որի ընթացքում հնչել են ռուս և արտասահմանյան կոմպոզիտորների դասական ստեղծագործություններ։

ՄՀԳՀ-ն հիմնադրվել է 2006 թվականի նոյեմբերի 17-ին ուժի մեջ մտած՝ Դուշանբեում ստորագրված պայմանագրի հիման վրա։ Հիմնադրամին միացել է ԱՊՀ 9 պետություն՝ Հայաստանը, Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ադրբեջանը, Մոլդովան, Տաջիկստանը և Ուզբեկստանը։ Նրա գործունեությանը մասնակցում է նաև Թուրքմենստանը, իսկ ծրագրերում ներգրավված են Վրաստանի և այլ երկրների ներկայացուցիչներ։ ՄՀԳՀ-ի հիմնական նպատակն է աջակցել Համագործակցության երկրների միջև ընդհանուր հումանիտար տարածքի ձևավորմանն ու միջմշակութային երկխոսության զարգացմանը՝ մշակույթի, կրթության, գիտության, մշակութային ժառանգության պահպանության, տեղեկատվության, սպորտի, զբոսաշրջության և երիտասարդական նախաձեռնությունների ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացման միջոցով։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում