Մոսկվայում նշվել է Հայաստանի անկախության 35-ամյակը
3 րոպեի ընթերցում

Մոսկվայում Հայաստանի Հանրապետության դեսպանատան նախաձեռնությամբ Հայաստանի անկախության հռչակման 35-րդ տարեդարձի առթիվ կազմակերպվել է հանդիսավոր ընդունելություն։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ միջոցառմանը ներկա է եղել 350-ից ավելի հյուր, այդ թվում՝ ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալներ Անդրեյ Ռուդենկոն և Սերգեյ Ռյաբկովը, ՌԴ նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության վարչության պետ Իգոր Նևերովը և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։

Ռուսաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գուրգեն Արսենյանն իր ելույթում շնորհավորել է ներկաներին տոնի առթիվ։ Նա նշել է, որ անկախության 35-րդ տարեդարձին պետք է և՛ հպարտությամբ հետադարձ հայացք նետել անցած ճանապարհին, և՛ մտածել ապագայի մասին։

«Պետությունը միայն այն չէ, ինչ մենք ստացել ենք նախորդ սերունդներից։ Պետությունը նաև ամենօրյա աշխատանք է, պատասխանատվություն, ազնվություն, գիտելիք, մասնագիտական նվիրվածություն և քաղաքացիական գիտակցություն», - ասել է դեսպանը՝ ավելացնելով, որ Հայաստանի ապագան կերտվում է ոչ միայն պատմական մեծ իրադարձությունների պահերին, այլև յուրաքանչյուր ձեռք բերված գիտելիքի, ստեղծված գործի, պահպանված արժեքի և քաղաքացիական պատասխանատվության դրսևորման միջոցով։
Անդրադառնալով Հայաստան-Ռուսաստան հարաբերություններին՝ Արսենյանն ընդգծել է, որ դրանք բազմաշերտ են։ Դրանք ընդգրկում են քաղաքականությունը, անվտանգությունը, տնտեսությունը, էներգետիկ ոլորտը և մշակույթը։ Դեսպանի խոսքով՝ երկու հասարակությունների միջև ձևավորված կապերը շարունակում են մնալ երկկողմ հարաբերությունների հիմքում։

ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Անդրեյ Ռուդենկոն նույնպես շնորհավորել է Հայաստանի անկախության 35-ամյակի առթիվ։ Նա խոսել է երկկողմ հարաբերությունների՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում զարգացման, ընդհանուր ինտեգրացիոն միավորումներում համագործակցության և Հարավային Կովկասում Ռուսաստանի դերակատարության մասին։

«Ռուսաստանը, ինչպես նախկինում, այնպես էլ այսօր, հանդես է գալիս Հայաստանի ինքնիշխանության իրական և լիարժեք պահպանման օգտին։ Երևանին համարում ենք Հարավային Կովկասում մեր բնական ռազմավարական դաշնակիցը։ Մոսկվան շարունակում է մնալ Հայաստանի հիմնական առևտրային և ներդրումային գործընկերը, ինչպես նաև նրա տնտեսական, էներգետիկ և պարենային անվտանգության երաշխավորը։ Մենք պատասխանատվությամբ ենք վերաբերվում մեր բոլոր պարտավորություններին», - ասել է Ռուդենկոն։
Ընդունելությանը մասնակցել են նաև ՌԴ-ում հավատարմագրված ավելի քան 50 դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ, ռազմական կցորդներ, դիվանագետներ, հասարակական գործիչներ, ինչպես նաև գիտակրթական, մշակութային, առողջապահական ոլորտների և գործարար շրջանակների բազմաթիվ ներկայացուցիչներ։
Միջոցառումն ուղեկցվել է երաժշտական կատարումներով և եզրափակվել ավանդական հյուրասիրությամբ։