ԱՄՆ նախագահի բանագնացը «քաղաքականության գրոսմայստեր» է անվանել Պուտինին ու խոսել ուկրաինական խնդրի կարգավորման հեռանկարների մասին
5 րոպեի ընթերցում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց, նրա փեսա Ջարեդ Քուշները լայնածավալ հարցազրույց է տվել Axel Springer-ի գործադիր տնօրեն Մաթիաս Դյոփֆներին՝ վերջինիս «MD Meets» փոդքասթի շրջանակում՝ անդրադառնալով հարցերի լայն շրջանակի, այդ թվում և ուկրաինական հակամարտության կարգավորմանը, Եվրոպայի հետ հարաբերություններին ու իրավիճակին Մերձավոր Արևելքում։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Քուշները մասնավորապես Ուկրաինայում ռազմական գործողությունների ներկայիս ընթացքը բնութագրել է որպես միջնորդավորված պատերազմ, որում Եվրոպան ֆինանսավորում է Կիևին՝ Ռուսաստանի դեմ պայքարում։ Նա կարևորել է Պուտինի՝ ուժի առավելագույն կիրառությունից զերծ մնալու որոշումը։ «Նա համաձայնել է միջուկային զենք չկիրառել, ինչը, ակնհայտորեն, շատ կարևոր հանգամանք է։ Նա մեզ հավաստիացրել է, որ նման մտադրություն չունի»,- ասել է Քուշները։
Նա դրական է արտահայտվել հակամարտության երկու կողմերի մասին՝ Պուտինին անվանելով «քաղաքականության գրոսմայստեր», իսկ Ուկրաինայի դեպքում նշել է, որ ուկրաինական կողմի «քաջությունը, արիությունն ու կարողությունները՝ վերջին բազմաթիվ տասնամյակների ընթացքում մեր տեսած մեծագույն պատմություններից մեկն են»։
Քուշները համոզմունք է հայտնել, որ Պուտինը ցանկանում է խաղաղություն, սակայն դեմ է անհապաղ հրադադարին, եթե դա չի մտնելու ավելի լայն համաձայնագրի մեջ, որը անվտանգության երաշխիքներ կապահովի երկու երկրների համար։
«Այն, ինչ մենք տեսել ենք, և սա նրա խոսքերը չեն, այլ դրանց մեր մեկնաբանությունն է, այն է, որ նա այնքան էլ վստահ չէ, որ եթե դադարեցնի պատերազմը, կկարողանա հասնել հետպատերազմյան կարգավորման, որը կբացառի ապագայում նոր պատերազմի հավանականությունը։ Կարծում եմ՝ սա նրա մտահոգություններից մեկն է, և նույն մտահոգությունն ունենք նաև մենք, ուստի հասկանում ենք դա»,- ասել է Քուշները։
Նա տեղեկացրել է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ռազմագերիների փոխանակումը տեղի կունենա առաջիկա շաբաթներին։ «Փոխանակումը պետք է տեղի ունենա մինչև տոները»,- ասել է նա։
Նա հայտնել է, որ Սպիտակ տան մյուս բանագնացի՝ Սթիվեն Ուիթքոֆի հետ սերտորեն աշխատել է եվրոպացիների հետ՝ Ուկրաինայի պատերազմի կարգավորման տարբերակ մշակելու ուղղությամբ։ «Եվրոպայում շատ մտավախություններ կան, որոնք անհիմն են»,- նշել է նա։
Քուշները խոսել է նրանից, թե ինչու եվրոպական որևէ երկիր ներգրավված չէր Միացյալ Արաբական Էմիրություններում տեղի ունեցած՝ ուկրաինական հակամարտության կարգավորման շուրջ բանակցություններին։
«Եվրոպան ներգրավված չէր Աբու Դաբիի բանակցություններում, քանի որ նախագահ Պուտինը Եվրոպայից բազմաթիվ սադրիչ հայտարարություններ և գործողություններ է տեսնում։ Նրա կարծիքով՝ եվրոպական երկրները պատրաստ չեն խաղաղության։ Նա կարծում է, որ նրանք ցանկանում են Ռուսաստանի ռազմավարական պարտությունը»,- ասել է Քուշները։
Անդրադառնալով պաղեստինա-իսրայելական հակամարտության շուրջ իրավիճակին՝ Քուշները կարևորել է այս հարցում իր և Ուիթքոֆի աշխատանքը՝ նշելով, որ դրա շնորհիվ «զգալի առաջընթաց է գրանցվել»։ Որպես օրինակ՝ նա մատնանշել է ՀԱՄԱՍ-ի համաձայնությունը՝ հրաժարվել իր զենքերից՝ Իսրայելի զորքերի դուրսբերման դիմաց։
«Կարծում եմ՝ մենք ստեղծել ենք ստուգման բավական արդյունավետ մեխանիզմներ, որոնք կապահովեն գործընթացի միջազգային վերահսկողությունը»,- ասել է նա։
Քուշները մատնանշել է Թրամփի Գազայում խաղաղության ծրագրի չիրականացման ռիսկերը։ «Եթե մենք դա չիրականացնենք, ի՞նչ տեղի կունենա։ Ամեն ինչ, ըստ էության, կվերադառնա նախկին վիճակին։
մենք մշակել ենք ծրագիր, որը կարող է ապառազմականացնել Գազան և Իսրայելին խաղաղության մեջ ապրելու հնարավորություն տալ»,- ասել է նա։
Քուշները նկատել է նաև, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն «միշտ չէ, որ հեշտացնում է գործընթացը»։