Իրան

Լեբեդևն իրական է համարում ԱՊՀ ձևաչափի փոփոխությունը նոր երկրների հաշվին

2 րոպեի ընթերցում

Լեբեդևն իրական է համարում ԱՊՀ ձևաչափի փոփոխությունը նոր երկրների հաշվին

Մոնղոլիան և Սերբիան տեսականորեն կարող են միանալ Անկախ պետությունների համագործակցությանը (ԱՊՀ)՝ «ԱՊՀ+» ձևաչափով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտարարել է ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը ՏԱՍՍ-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Կոնդրաշովին տված հարցազրույցում, որը  նվիրված է ԱՊՀ 35-ամյակին։

«Դա միանգամայն հնարավոր է, դա իրական է», - ասել է նա՝ պատասխանելով կազմակերպության ձևաչափը փոփոխելու հնարավորության վերաբերյալ հարցին։ Նա նշել է, որ այս թեմայով լուրջ քննարկումներ են տեղի ունենում։

Լեբեդևը հիշեցրել է, որ ԱՊՀ-ում որոշվել է սահմանել երկու  ձևաչափ՝ «ԱՊՀ+» և « ԱՊՀ դիտորդ»։ Նրա խոսքով՝ երկու ձևաչափերն էլ մեծ հետաքրքրություն են առաջացրել ամբոջ աշխարհում։ Մասնավորապես, «ԱՊՀ+» բանաձևով Համագործակցությանը միանալու նախաձեռնությամբ հանդես է եկել Իրանը։ Գլխավոր քարտուղարի խոսքով՝ այժմ քննարկվում է Իրանին այդ կարգավիճակը տրամադրելու հարցը։

«Թուրքմենստանի «Ավազա»-ում (ազգային զբոսաշրջային գոտի Թուրքմենբաշի քաղաքում – Խմբ.) կայացած գագաթնաժողովին (հոկտեմբերի 9-ին) առաջին անգամ մասնակցել է Իրանի նախագահը (Մասուդ Փեզեշքիանը), որը հայտարարել է, որ իրենք կցանկանային սկսել «ԱՊՀ+» ձևաչափը։ Այդ հարցն, իհարկե, ԱՊՀ-ում շատերի մոտ հետաքրքրություն է առաջացրել: Եվ ես զգում եմ, որ գնահատումները հիմնականում դրական են», - ասել է ԱՊՀ գլխավոր քարտուղարը։

Նա հավելել է, որ տեսականորեն չի բացառում կազմակերպությանը նաև Մոնղոլիայի և Սերբիայի միանալու  հնարավորությունը։ «Կարծում եմ՝ դա միայն սկիզբն է», - ասել է նա՝ մեկնաբանելով կազմակերպությանը միանալու Իրանի նախաձեռնությունը։

«ԱՊՀ+»  ձևաչափը հիմնելու որոշումը հաստատվել է ԱՊՀ անդամ երկրների պետությունների ղեկավարների կողմից՝ 2025 թվականի հոկտեմբերին Դուշանբեում կայացած գագաթնաժողովում։

Հենց այդ ժամանակ Շանհայի համագործակցության կազմակերպությունը (ՇՀԿ) ստացել է ԱՊՀ-ում դիտորդի կարգավիճակ:

Կարդացեք հոդվածը` فارسی
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում