Իրանը հայտարարել է, որ հատուկ նշանակության ուժերը հետ են վերցրել ԱՄՆ-ի գրաված երկու լցանավ
1 րոպեի ընթերցում

Իրանի հատուկ գործողությունների ուժերը վերադարձրել են վերահսկողությունը երկու լցանավի նկատմամբ, որոնք ավելի վաղ զավթել էին ԱՄՆ զինվորականները, հայտարարել է Իրանի ռազմածովային ուժերի հրամանատար, դերծովակալ Շահրամ Իրանին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Press TV-ն։
«Հատուկ նշանակության ուժերը վերադարձրել են ԱՄՆ-ի զորքերի կողմից զավթված նավթատար երկու լցանավերը, երբ ամերիկյան անձնակազմը քնած է եղել», - ասել է նա։
Շահրամ Իրանին, սակայն, չի հստակեցրել, թե երբ և որտեղ է իրականացվել իրանական հատուկ նշանակության ուժերի գործողությունը։ Նա նաև չի հայտնել, թե ինչ հանգամանքներում էին ամերիկացի զինվորականները զավթել լցանավերը։
Միևնույն ժամանակ դերծովակալը ԱՄՆ զինված ուժերին մեղադրել է նրանում, որ նրանք սեփականատերերից վճար են գանձում Հորմուզի նեղուցով նրանց նավերն ուղեկցելու համար, սակայն միջադեպերի համար պատասխանատվություն չեն ստանձնում և նավերի վրա գրոհների հետևանքով վնասներ կրելու պարագայում գումարը չեն վերադարձնում։
Նա հիշեցրել է, որ իրանցի զինվորականները հրաման ունեն փակ պահել Հորմուզի նեղուցը։