Մոլդովայի նախագահն արժանացել է ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի «Կանայք՝ հանուն խաղաղության և անվտանգության» մրցանակի. Moldpres
2 րոպեի ընթերցում

Հոդվածը հրապարակվում է «Արմենպրես»-ի և Moldpres-ի միջև ստորագրված համաձայնագրի շրջանակում։
Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն նոյեմբերի 23-ին արժանացել է «Կանայք՝ հանուն խաղաղության և անվտանգության» մրցանակի։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Moldpres գործակալությունը։
Մրցանակը շնորհվում է ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի կողմից՝ խաղաղության խթանման, հասարակությունների դիմակայունության ամրապնդման, ինչպես նաև պաշտպանության և անվտանգության ոլորտներում կանանց դերի բարձրացման գործում ունեցած ակնառու ներդրման համար։
Նախագահը շնորհակալություն է հայտնել կազմակերպիչներին մրցանակի համար և ընդգծել, որ Մոլդովայի խաղաղությունն ու անվտանգությունը համատեղ ջանքերի արդյունք են։
«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Գերմանիային, ՆԱՏՕ-ին և Մոլդովայի Հանրապետության գործընկերներին՝ ցուցաբերած աջակցության համար։ Մեր երկրի խաղաղությունն ու անվտանգությունը համատեղ ջանքերի արդյունք են։ Նախ և առաջ, մենք մեր խաղաղության համար պարտական ենք Ուկրաինայի դիմակայունությանը և այն միջազգային աջակցությանը, որն օգնել է այդ երկրին պաշտպանվել. այս գործընթացում էական դեր են խաղացել ՆԱՏՕ-ն, Եվրոպական միությունը, Գերմանիան և բազմաթիվ այլ գործընկերներ», - ասել է Մայա Սանդուն։
Նախագահը նշել է, որ Մոլդովայի Հանրապետությունը նպաստում է Ուկրաինայի անվտանգությանը՝ հանդիսանալով կայուն, ժողովրդավարական և բարեկամ հարևան նրա հարավարևմտյան սահմանին։
«Ռուսաստանը փորձել է փոխել այս իրողությունը։ Երկու տարվա ընթացքում անցկացված երեք ընտրությունների ժամանակ այն օգտագործել է գումար, սուտ և ահաբեկում՝ Մոլդովայի Հանրապետությունում իշխանությունը զավթելու և մեր երկիրն Ուկրաինայի դեմ տրամադրելու համար։ Ռուսաստանին դա չհաջողվեց՝ շնորհիվ Մոլդովայի Հանրապետության քաղաքացիների և մեր գործընկերների աջակցության», - հավելել է Սանդուն։
ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովը «Կանայք՝ հանուն խաղաղության և անվտանգության» մրցանակը շնորհում է 2021թվականից ի վեր։