Եվրոպա

Քիշնևը բողոք է հայտնել Մոսկվային Մոլդովայի տարածքում ԱԹՍ-ների ընկնելու կապակցությամբ. Moldpres

3 րոպեի ընթերցում

Քիշնևը բողոք է հայտնել Մոսկվային Մոլդովայի տարածքում ԱԹՍ-ների ընկնելու կապակցությամբ. Moldpres

Հոդվածը հրապարակվում է «Արմենպրես»-ի և Moldpres-ի միջև ստորագրված համաձայնագրի շրջանակում։

Մոլդովայի արտաքին գործերի նախարարությունը նոյեմբերի 18-ին բողոքի նոտա է հանձնել Ռուսաստանի կողմից նշանակված դեսպան Օլեգ Օզերովին՝ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի հարձակումների ֆոնին անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) կողմից երկրի օդային տարածքի բազմակի խախտումների կապակցությամբ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Moldpres գործակալությունը։

Գերատեսչությունն ընդգծել է, որ նոյեմբերի 17-ին, ժամը 15։45-ից 18։10-ն ընկած ժամանակահատվածում յոթ ԱԹՍ առանց թույլտվության անցել է Մոլդովայի Հանրապետության, այդ թվում՝ Քիշնևի տարածքով։ Դրանցից վեցն ընկել են երկրի տարածքում։

«ԱԳՆ-ն վճռականորեն դատապարտում է այդ գործողությունները, որոնք խախտում են Մոլդովայի Հանրապետության ինքնիշխանությունը և վտանգում մարդկանց կյանքն ու անվտանգությունը։ Բողոքի նոտայով Մոլդովայի Հանրապետությունը Ռուսաստանի Դաշնությունից խնդրել է դադարեցնել նման գործողությունները և հարգել մեր երկրի օդային տարածքն ու սահմանները», - ասվում է ԱԳՆ հայտարարության մեջ։

Իր հերթին, Ռուսաստանի կողմից նշանակված դեսպան Օլեգ Օզերովը, որի հավատարմագրերը Մոլդովայի իշխանությունները դեռ չեն ընդունել, մերժել է ներկայացված մեղադրանքները՝ նշելով, որ նախկինում ևս արձանագրվել են թռչող սարքերի հետ կապված մի շարք միջադեպեր, սակայն մինչ օրս դրանց ծագման վերաբերյալ որևէ ապացույց կամ փաստաթղթավորված զեկույց չի ներկայացվել, այդ թվում՝ սերիական համարներ, արտադրության ամսաթվեր և թռիչքների հետագծերի վերաբերյալ տեղեկություններ։

Վերջին ամիսներին Օզերովը բազմիցս կանչվել է ԱԳՆ, որտեղ նրան բողոքի նոտաներ են հանձնվել՝ Մոլդովայի օդային տարածք մի շարք ԱԹՍ-ների ապօրինի մուտքի, ինչպես նաև դրանցից մի քանիսի՝ գետնին ընկնելու և պայթելու դեպքերի կապակցությամբ։

Բացի այդ, հոկտեմբերի 23-ին Մոլդովայի ԱԳՆ-ն հայտարարել էր, որ Քիշնևում Ռուսաստանի դեսպանատան աշխատակիցը կհայտարարվի անցանկալի անձ՝ ի պատասխան երկրի օդային տարածքի խախտման և Տելենեշտիի շրջանի Քիշտելնիցա գյուղի մոտ տեղի ունեցած միջադեպի։ Այդ ժամանակ պայթուցիկ նյութեր տեղափոխող ԱԹՍ-ն ընկել էր բնակելի տնից և էներգետիկ օբյեկտից մոտ 100 մետր հեռավորության վրա։

Նոյեմբերի սկզբից ի վեր երկրի օդային տարածքում չարտոնված թռիչքների 14 միջադեպ է արձանագրվել, իսկ 2026 թվականի սկզբից դրանց թիվը գերազանցել է 80-ը։ 2022 թվականից ի վեր գրանցվել է, ընդհանուր առմամբ, 118 նման միջադեպ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում