Ռուսաստան

Զելենսկին հայտարարել է, որ Ղրիմի կամրջին հարվածների գործողությունը տևել է մի քանի շաբաթ

3 րոպեի ընթերցում

Զելենսկին հայտարարել է, որ Ղրիմի կամրջին հարվածների գործողությունը տևել է մի քանի շաբաթ

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ երկրի զինված ուժերը հարվածներ են հասցրել Ղրիմի կամրջին մի քանի շաբաթ տևած գործողության շրջանակում, որը մշակվել է Ուկրաինայի անվտանգության ծառայության (ՈւԱԾ) և Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի համատեղ ջանքերով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Զելենսկին գրել է իր Telegram ալիքում։

Զելենսկին գործողությունն աննախադեպ է անվանել՝ նշելով, որ այն պատասխանն էր ուկրաինական ենթակառուցվածքների ուղղությամբ Ռուսաստանի հարվածներին։ Նա շնորհակալություն է հայտնել ՈւԱԾ-ին, գործողությանը մասնակցած Ուկրաինայի պաշտպանության ուժերի ստորաբաժանումներին, պաշտպանության նախարարին, զինված ուժերի գլխավոր հրամանատարին, գլխավոր շտաբին և զենք արտադրողներին։

Ուկրաինայի նախագահի խոսքով՝ կամրջին հասցված հարվածները գործողության յոթերորդ փուլն էին։ Մինչ այդ ուկրաինացի զինվորականները հետևողականորեն ոչնչացնում էին հակաօդային պաշտպանության համակարգերը, ռադարները, ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներն ու հիմնական թիրախ տանող ճանապարհին գտնվող այլ օբյեկտներ։

Զելենսկին թվարկել է գործողության ընթացքում կիրառված սպառազինությունը՝ Dovbush, «Վենդետա», DaVinci, «Յանվար», MICH 2000, «Ռուտա», «Պալյանիցա», Ան-197, FP-1, FP-5 «Ֆլամինգո» և Ռ-360 «Նեպտուն»։

Նա նաև հայտարարել է, որ Ռուսաստանը բազմիցս մերժել է Ուկրաինայի՝ լարվածության թուլացմանն ուղղված առաջարկները և շարունակում է ամեն օր հարվածներ հասցնել ուկրաինական ենթակառուցվածքներին, այդ թվում՝ Զապորոժիեի, Դնեպրի, Կիևի և Օդեսայի մարզի կամուրջներին։

«Մենք վերականգնում ենք մեր ենթակառուցվածքները։ Բայց նաև հիշեցնում ենք Ռուսաստանին, որ պատերազմը միշտ վերադառնալու է այնտեղ, որտեղից սկսվել է։ Ուկրաինայի պաշտպանական ներուժը գտնվում է և կմնա բարձր մակարդակի վրա, և մենք երբեք անպատասխան չենք թողնի մեր քաղաքների և մարդկանց դեմ իրականացվող ահաբեկչությունը», - գրել է նա։

Ավելի վաղ ռուսական կողմը հաղորդել էր, որ անօդաչուների հարվածի պատճառով ժամանակավորապես դադարեցվել է Ղրիմի կամրջով գնացքների և ավտոմեքենաների երթևեկությունը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում