ԱՄՆ-ն բարձրացրել է Դոնբասից զորքերի դուրսբերման դիմաց Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցը․ Զելենսկի
2 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ն առաջին անգամ բարձրացրել է Դոնբասից ուկրաինական զորքերի դուրսբերման դիմաց Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հնարավորության հարցը։
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Ինտերֆաքս-Ուկրաինա» գործակալությանը, այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին՝ ընդգծելով, որ կոնկրետ առաջարկ առայժմ չկա։
«Ամերիկացիները հարց են բարձրացրել․ «Իսկ եթե Ուկրաինան լինի ՆԱՏՕ-ում, Ուկրաինան դուրս կգա՞ Դոնբասից»։ Սա առաջին անգամ էր»,- ասել է Զելենսկին։
Նրա խոսքով՝ Կիևը գործընկերների հետ քննարկում է անվտանգության համապարփակ փաթեթ, որը պետք է ներառի ՆԱՏՕ-ի և Եվրամիության կոնկրետ երաշխիքներ, ուժեղ ուկրաինական բանակ՝ անհրաժեշտ անձնակազմով, սպառազինությամբ և ֆինանսավորմամբ, ինչպես նաև ֆինանսավորման հստակ աղբյուրներ ունեցող վերականգնման ծրագիր։
Զելենսկին նշել է, որ եթե ԱՄՆ-ն ՆԱՏՕ-ի մյուս գործընկերների հետ հաստատի նման առաջարկը, ինքը հարցը կներկայացնի ուկրաինական հասարակության քննարկմանը։
«Բայց անհրաժեշտ է կոնկրետություն, որն առայժմ չկա, և այս ամենը քննարկման փուլում է»,- ասել է Զելենսկին։
Ուկրաինայի նախագահը միաժամանակ ընդգծել է, որ որևէ տարբերակի քննարկումը չի ենթադրում օկուպացված տարածքները Ռուսաստանի մաս ճանաչել։