Եվրոպա

ԱՄՆ-ն ևս 4 ամսով Հունգարիային ազատել է ռուսական նավթի գնման համար գործող պատժամիջոցներից

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ն ևս 4 ամսով Հունգարիային ազատել է ռուսական նավթի գնման համար գործող պատժամիջոցներից

ԱՄՆ-ն Հունգարիայի համար մինչև 2027 թ. մարտի 19 երկարաձգել է ռուսական նավթի և գազի մատակարարումների նկատմամբ ամերիկյան պատժամիջոցներից ազատումը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Հունգարիայի արտաքին գործերի նախարարությունը։

Գերատեսչությունը հստակեցրել է, որ թույլտվությունը տարածվում է հունգարական MOL ընկերության՝ «Լուկօյլ» և «Litasco» ընկերությունների հետ իրականացվող այն գործարքների վրա, որոնք անհրաժեշտ են «Դրուժբա» նավթամուղով մատակարարվող նավթի գնման, ինչպես նաև գործող պայմանագրերի կատարման համար։

Նախորդ համաձայնագրի գործողության ժամկետն ավարտվում էր նոյեմբերի 21-ին։ Փաստաթղթի համաձայն՝ գործարքները չպետք է ներառեն ԱՄՆ իրավաբանական կամ ֆիզիկական անձանց մասնակցությունը, ամերիկյան ֆինանսական համակարգի ծառայությունների օգտագործումը, ինչպես նաև չպետք է օգուտ բերեն պատժամիջոցների տակ գտնվող այլ անձանց։

Էներգետիկայի և մաքուր օդի հետազոտությունների կենտրոնի (CREA) զեկույցի համաձայն՝ հուլիսին Եվրամիության կողմից ռուսական էներգակիրների գնումների գումարը կազմել է 1,5 միլիարդ եվրո, որի 26 տոկոսը բաժին է ընկել նավթին։

ԵՄ ներմուծման մեջ խողովակաշարային գազի մասնաբաժինը կազմել է 38 տոկոս (561 միլիոն եվրո), իսկ հեղուկացված բնական գազինը՝ 36 տոկոս (526 միլիոն եվրո)։ Մնացած 26 տոկոսը կազմել է «Դրուժբա» նավթամուղով Հունգարիա և Սլովակիա տեղափոխվող հում նավթը։ Եվրամիությունը դարձել է ռուսական էներգակիրների գնման ծավալով չորրորդ խոշորագույն գնորդը։

Ամերիկյան վարչակազմը 120 օրով երկարաձգել է նաև Սլովակիայի համար գործող բացառությունը, որը թույլ է տալիս շարունակել ռուսական նավթի գնումն ու դրա դիմաց վճարումները՝ առանց ԱՄՆ-ի պատժամիջոցների ենթարկվելու վտանգի

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում