Միացյալ Նահանգներ

Թրամփը ժամանել է Ֆիլիպիններ, որտեղ հանդիպել է նաև Հնդկաստանի, Ճապոնիայի և Ավստրալիայի ղեկավարների հետ

2 րոպեի ընթերցում

Թրամփը ժամանել է Ֆիլիպիններ, որտեղ հանդիպել է նաև Հնդկաստանի, Ճապոնիայի և Ավստրալիայի ղեկավարների հետ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ասիա ուղևորության շրջանակում իր առաջին կանգառն է կատարել Ֆիլիպիններում։ Նա Մանիլա է ժամանել Հարավարևելյան Ասիայի երկրների ասոցիացիայի (ԱՍԵԱՆ) երկրների գագաթնաժողովի վերջին օրը և նոյեմբերի 17-ին ավելի ուշ կմիանա ԱՄՆ-ԱՍԵԱՆ «Հատուկ գագաթնաժողովին»։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։

Թրամփը նաև մասնակցել է Քառյակի երկրների ղեկավարների հանդիպմանը, որի անդամներն են ԱՄՆ-ն, Ճապոնիան, Ավստրալիան և Հնդկաստանը։ Քառյակի երկրների վերջին հանդիպումը տեղի է ունեցել 2024 թվականին։

Լրագրողների հետ զրույցում Թրամփը հայտարարել է, որ շատ լավ հարաբերություններ ունի Ճապոնիայի, Հնդկաստանի և Ավստրալիայի և այդ երկրների ղեկավարների հետ։

BBC-ի փոխանցմամբ՝ ցույց տալով Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիին՝ Թրամփն ասել է. «Նա շատ պինդ մարդ է, իսկ նա (խմբ.՝ Ճապոնիայի վարչապետ Սանաե Տակաիչին) գուցե նույնիսկ ավելի պինդ է»։ Դիմելով Ավստրալիայի վարչապետ Էնթոնի Ալբանիզիին՝ Թրամփն ավելացրել է. «Իսկ մենք... մենք նորմալ ենք»։

Թրամփը Ֆիլիպիններից կմեկնի Չինաստան, որտեղ Շենժենում կմասնակցի Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության համաժողովին, ինչպես նաև եռակողմ հանդիպում կունենա Չինաստանի և Ռուսաստանի նախագահներ Սի Ծինփինի և Վլադիմիր Պուտինի հետ։  

Մանիլայում լրագրողների հետ զրույցում Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է առանձին հանդիպում անցկացնել Ռուսաստանի նախագահի հետ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում