Իրան

Իրանը հերքել է Վաշինգտոնում «կեղտոտ ռումբի» կիրառմամբ հարձակման մասին տեղեկությունները

6 րոպեի ընթերցում

Իրանը հերքել է Վաշինգտոնում «կեղտոտ ռումբի» կիրառմամբ հարձակման մասին տեղեկությունները

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային հերքել է ամերիկյան լրատվամիջոցների այն հրապարակումները, թե Իրանը ծրագրում է «կեղտոտ ռումբ» պայթեցնել կամ քիմիական զենք կիրառել Վաշինգտոնում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Բաղային նշել է X միկրոբլոգում գրառման մեջ։

«Նրանք, ովքեր նախաձեռնել են Իրանի դեմ ագրեսիան, այժմ փորձում են մեդիա հիմք նախապատրաստել իրենց նենգ մտադրությունների համար՝ հորինելով և տարածելով անհիմն մեղադրանքներ։ Դրանց թվում են The New York Times-ի վերջին հրապարակումները, ինչպես նաև CNN-ի կողմից շրջանառվող կեղծ պատմությունը՝ իբր թե առկա «կեղտոտ ռումբի» մասին։ Նրանք քայլ առ քայլ փորձում են օրինականության պատրանք ստեղծել հետագա ագրեսիայի և վայրագությունների համար»,- շեշտել է Բաղային։

CNN-ը, վկայակոչելով իր աղբյուրները, հայտնել է, որ ԱՄՆ հետախուզական տվյալները ցույց են տալիս, թե Թեհրանը ծրագրեր է մշակում ԱՄՆ մայրաքաղաքում հնարավոր «կեղտոտ ռումբ» պայթեցնելու ուղղությամբ։

Հետախուզական տվյալներին ծանոթ աղբյուրները նշել են. «Թեհրանն այժմ ակտիվորեն ծրագրում է հնարավոր հարձակումներ ԱՄՆ տարածքում...., թեև դեռևս ապացույցներ չկան, որ նրանք որոշել են անցնել գործողությունների»։

Իր հերթին, The New York Times-ը, վկայակոչելով  փորձագետների, հայտնել է, թե Իրանի ամբարտակների և ջրամբարների ընդարձակ ցանցը կարող էր մասամբ կառուցվել  ստորգետնյա հրթիռային բազաների ապահովման համար, քանի որ այդ օբյեկտների դիրքը համընկնում է այն շրջանների հետ, որոնց այս տարի հարվածներ են հասցրել ԱՄՆ-ն և Իսրայելը:

Խոսնակն Իրանի դեմ պնդումները որակել է «անհիմն»։

«Այն անհիմն պնդումները, որոնցով փորձ է արվում Իրանի ջրամբարները կապել հրթիռային բազաների հետ, հանդիսանում են նենգ արշավի հերթական օրինակը։ Այս արշավի նպատակն է ստեղծել քարոզչական և անվտանգությանն առնչվող պատրվակներ՝ արդարացնելու որևէ երկրի կենսական նշանակություն ունեցող ենթակառուցվածքների վրա իրականացվող հարձակումները», - նշված է գրառման մեջ։

Բաղային հավելել է, որ ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի դեմ վերջերս իրականացված ագրեսիվ գործողությունների ընթացքում թիրախավորվել են ջրամբարներ Խոմեյնում, Հաֆթքելում և Բամանիում, ինչպես նաև աղազերծման կայաններ Ղեշմ կղզում, Նիկշահրում և Տիսում, ինչպես նաև Ջասկ քաղաքի Բանջի գյուղում։

«Այս հարձակումները խաթարել կամ ընդհատել են քաղաքացիական բնակչության և բնակելի տարածքների ջրամատակարարումը», - հավելել է նա։

Բաղայիի խոսքով՝ Իրանը քաջ գիտի՝ ինչպես արձագանքել ցանկացած ագրեսիայի և ապահովել, որ այն արժանանա անմոռանալի պատասխանի։

Արձագանքելով The New York Times-ի հրապարակմանը՝ Իրանի խորհրդարանի խոսնակն ավելի վաղ հայտարարել էր, որ երկիրը ռազմական թիրախներ կհամարի ԱՄՆ-ի կամ Իսրայելի ռազմակայանների մերձակայքում ցանկացած ամբարտակ, նավահանգիստ և էլեկտրակայան։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում