Եվրոպա

Բելգիայի վարչապետը հանդիպել է Ֆիլիպ թագավորի հետ՝ բյուջեի շուրջ բանակցությունների ձախողումից հետո

2 րոպեի ընթերցում

Բելգիայի վարչապետը հանդիպել է Ֆիլիպ թագավորի հետ՝ բյուջեի շուրջ բանակցությունների ձախողումից հետո

Բելգիայի վարչապետ Բարտ Դե Վևերը դեկտեմբերի 31-ը սահմանել է որպես վերջնաժամկետ իր կառավարության համար՝ համաձայնության գալու հաջորդ տարվա պետական բյուջեի շուրջ։ Այս որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ բանակցությունների ևս մեկ շաբաթն ավարտվել է առանց արդյունքի։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:

«Եթե մինչև տարեվերջ բյուջեի շուրջ համաձայնություն ձեռք չբերվի, կառավարությունը փաստացի կզրկվի կառավարելու հնարավորությունից, ինչն էլ կհանգեցնի նրա գոյության ավարտին», - ասվում է Դե Վևերի գրասենյակի հայտարարության մեջ։

Վերջին մեկ ամսվա ընթացքում բյուջեի շուրջ լարված բանակցությունները քաղաքական ճգնաժամ են առաջացրել։ Դե Վևերին չի հաջողվել իր կոալիցիայի բոլոր կուսակցություններին համաձայնության բերել բյուջեի՝ 10 միլիարդ եվրոյի կրճատումների հարցում, որոնք, նրա խոսքով, անհրաժեշտ են պետական ֆինանսները վերահսկողության տակ պահելու համար։

«Կոալիցիայի գործընկերներից մեկը հրաժարվում է ընդունել առաջարկվող հավասարակշռությունը», - ասել է Դե Վևերը՝ նկատի ունենալով ֆլամանդական սոցիալիստական «Վուրուիտ» կուսակցությանը։

Վերջինս պնդում է, որ բարձրացվեն հարստության հարկերը՝ առողջապահության և սոցիալական ապահովության ոլորտների ծախսերի կրճատումները մասամբ փոխհատուցելու համար։

Բյուջեի շուրջ բանակցությունների ձախողումից հետո Բարտ Դե Վևերը նոյեմբերի 23-ին հանդիպել է Ֆիլիպ թագավորի հետ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում