Ֆոն դեր Լայենը բարձր է գնահատել Քիշնևի առաջընթացը ԵՄ-ին անդամակցելու ճանապարհին՝ չնայած գործադրվող ճնշումներին. Moldpres
3 րոպեի ընթերցում

Հոդվածը հրապարակվում է «Արմենպրես»-ի և Moldpres-ի միջև ստորագրված համաձայնագրի շրջանակում։
Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը Բրյուսելում մեկնարկած ԵՄ ընդլայնման ֆորումի ժամանակ ընդգծել է Մոլդովայի Հանրապետության դերը ժողովրդավարության պաշտպանության գործում և բարձր գնահատել նրա քաղաքացիների դիմակայունությունն արտաքին միջամտության պայմաններում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Moldpres-ը։
Նա նշել է Քիշնևի առաջընթացը Եվրոպական միությանն անդամակցելու ճանապարհին՝ չնայած գործադրվող աննախադեպ ճնշումներին։
Միջոցառմանը ներկա են եղել նաև Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն և ԵՄ-ին անդամակցել ձգտող այլ երկրների ղեկավարներ։
Ֆոն դեր Լայենը նշել է, որ Մոլդովայի Հանրապետությունն ու Ուկրաինան առաջ են շարժվում եվրոպական ուղով՝ գտնվելով աննախադեպ ճնշման ներքո։ Նա ընդգծել է, որ ԵՄ-ի առջև բացվում է ընդլայնման նոր պատմական հնարավորություն, որը կարող է ավելի շատ եվրոպացիների միավորել ազատության, խաղաղության և ընդհանուր արժեքների վրա հիմնված համայնքում։
Ֆոն դեր Լայենը հիշեցրել է, որ նախկին ընդլայնումներն օգուտներ են բերել թե՛ Միությանը միացած երկրներին, թե՛ գործող անդամներին։ Նրա խոսքով՝ ընդլայնումը միայն բարեկեցության վերաբաշխումը չէ. այն նաև նպաստում է նոր տնտեսական հնարավորությունների ստեղծմանը, անվտանգության ամրապնդմանը և միջազգային ասպարեզում Եվրոպայի ազդեցության մեծացմանը։
Պաշտոնյան կարևորել է անդամակցությանը պատրաստվող երկրների ներդրումը Միության մեջ՝ այս համատեքստում նշելով Մոլդովայի փորձն արտաքին միջամտությունից ժողովրդավարությունը պաշտպանելու, ինչպես նաև Ուկրաինայի աջակցությունը պաշտպանական տեխնոլոգիաների զարգացման գործում։
Անդրադառնալով ապագա ընդլայնման նախապատրաստական աշխատանքներին՝ ֆոն դեր Լայենն ասել է, որ ԵՄ-ն պետք է հարմարեցնի իր որոշումների կայացման գործընթացը, որպեսզի ավելի մեծ Միությունը կարողանա պահպանել արդյունավետ գործելու իր կարողությունը:
Միջոցառումը համախմբել է ԵՄ անդամ և թեկնածու երկրներից քաղաքական առաջնորդների, քաղաքացիական հասարակության, գործարար համայնքի ներկայացուցիչների և երիտասարդների՝ քննարկելու ընդլայնման ապագան և այդ գործընթացի դերը եվրոպական մայրցամաքում խաղաղության, կայունության ու անվտանգության ամրապնդման գործում։