Մոլդովայի խորհրդարանը փակ նիստում կքննարկի ազգային բանակի կառուցվածքն ու անձնակազմի թվաքանակը. Moldpres
2 րոպեի ընթերցում

Հոդվածը հրապարակվում է «Արմենպրես»-ի և Moldpres-ի միջև ստորագրված համաձայնագրի շրջանակում։
Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն ազգային բանակի ընդհանուր կառուցվածքը և անձնակազմի թվաքանակը հաստատող որոշման նախագիծը փակ նիստում քննարկելու խորհրդարանի որոշումը որակել է նորմալ ընթացակարգ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հաղորդում է Moldpres գործակալությունը։
Նա ընդգծել է, որ փաստաթուղթը պարունակում է գաղտնի տեղեկատվություն, որը չպետք է հասնի Մոլդովայի Հանրապետության հանդեպ թշնամաբար տրամադրված պետություններին։
Սանդուն վստահեցրել է հանրությանը, որ նախագծի ուսումնասիրությունը մտահոգության տեղիք չի տալիս։
«Պատգամավորներն օրենքով պարտավոր են պահպանել գաղտնիությունը։ Ահա թե ինչու խորհրդարանի նախագահը շեշտեց նրանց պատասխանատվությունը և իրավական դրույթները պահպանելու անհրաժեշտությունը։ Ոչ մի հատուկ կամ արտասովոր բան չկա, և ոչ էլ որևէ բան, որը պետք է մեզ մտահոգի», - պարզաբանել է Մայա Սանդուն։
Խորհրդարանը հոկտեմբերի 8-ի լիագումար փակ նիստում կքննարկի ազգային բանակի ընդհանուր կառուցվածքը և անձնակազմի թվաքանակը հաստատող որոշման նախագիծը:
Խորհրդարանի խոսնակ Իգոր Գրոսուն նշել է, որ նախագիծը Մոլդովայի Հանրապետության պաշտպանական կարողությունների արդիականացման և ամրապնդման ջանքերի մի մասն է, իսկ տարածաշրջանում ստեղծված իրավիճակը պահանջում է այդ գործընթացների արագացում:
Նիստին թույլատրվելու է մասնակցել միայն պատգամավորներին և խորհրդարանի քարտուղարության շատ սահմանափակ թվով աշխատակիցների: Խորհրդարանականները մուտքի հնարավորություն կունենան՝ ներկայացնելով իրենց անձը հաստատող փաստաթղթերը, սակայն նրանց չի թույլատրվի իրենց հետ բերել էլեկտրոնային սարքեր, այդ թվում՝ հեռախոսներ, նոութբուքեր կամ ժամացույցներ։
Ներկայում ազգային բանակի կազմում ընդգրկված է մոտավորապես 6500 զինծառայող և 2000 քաղաքացիական անձ։