Իտալիայում ռումբի սպառնալիքների պատճառով հարյուրավոր դպրոցներից տարհանումներ են իրականացրել
2 րոպեի ընթերցում

Իտալիայում առնվազն 300 դպրոցից տարհանել են բոլորին՝ ռումբի մասին ահազանգ պարունակող նույն հաղորդագրությունը ստանալուց հետո, հայտարարել է երկրի կրթության նախարարը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է France 24 պարբերականը։
Անվտանգության հետ կապված ահազանգը հնչել է Եվրոպայում, այսպես կոչված, հիբրիդային պատերազմի սպառնալիքների աճող մտահոգությունների ֆոնին։ Նման հարձակումները թիրախավորել են սուպերմարկետները, արյան բանկերը, օդային երթևեկությունը և հեռուստաընկերությունները։
Իտալիայի կրթության նախարար Ջուզեպպե Վալդիտարան La7 հեռուստաալիքի եթերում հայտնել է, որ ռումբի մասին ահազանգերը վերաբերել են 300 դպրոցի։ Նրա խոսքով՝ դրանց թիվը կարող է աճել։
«Երկրի ողջ տարածքում ստացված ռումբի մասին ահազանգից հետո տեղեկացնում ենք, որ բոլոր աշակերտները տեղափոխվել են անվտանգ տարածք և գտնվում են ուսուցիչների հսկողության ներքո», - նշված է Հռոմի դպրոցներից մեկի կողմից ծնողներին ուղարկված հաղորդագրության մեջ։
Կառավարական աղբյուրի փոխանցմամբ՝ սպառնալիք պարունակող էլեկտրոնային նամակը ստորագրված է եղել հետևյալ կերպ. «Միխայիլ Անդրոպով՝ Միսոգինիստանի վիլայեթի առաջնորդ»։
Հռոմի ոստիկանության խոսնակը հայտնել է, որ Իտալիայի իրավապահ մարմինները հետաքննում են միջադեպը։