Մինչև Նոր տարի լուծում գտնելու համար լավ հնարավորություն կա. Արախամիա
2 րոպեի ընթերցում

Աբու Դաբիում կայացած եռակողմ բանակցությունների ընթացքում դրական դինամիկա է արձանագրվել, ինչը թույլ է տալիս հույս ունենալ, որ մինչև տարեվերջ հնարավոր կլինի համաձայնության հասնել, հայտարարել է Ուկրաինայի բանակցային խմբի անդամ, Գերագույն Ռադայում «Ժողովրդի ծառա» խմբակցության ղեկավար Դավիթ Արախամիան։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է «ՌԲԿ Ուկրաինա»-ն։
«Մինչև Նոր տարի լուծում գտնելու համար լավ հնարավորություն կա», - ասել է նա։
Միևնույն ժամանակ, նա բանակցությունները որակել է «կոշտ»։
«Ռուսները ժամանել էին շատ խիստ հրահանգներով, այդ պատճառով քննարկումները մեղմելը բարդ էր։ Միևնույն ժամանակ, երկու երկրների հետպատերազմյան ապագայի քննարկման ձևաչափը նպաստեց երկխոսության հաստատմանը, և մենք սկսեցինք ավելի արդյունավետ աշխատել», - մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Արախամիան։
Նա նաև ընդգծել է, որ բանակցությունները պետք է լինեն բազմակողմ, այլ ոչ թե եռակողմ, և դրանցում պետք է ներկայացված լինի նաև Եվրոպան։
Արախամիայի խոսքով՝ Ուիթքոֆի և Քուշների՝ Մոսկվա այցից, այնուհետև Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ հանդիպումից հետո անհրաժեշտ կլինի որոշել բանակցությունների հաջորդ փուլի անցկացման ամսաթիվը։
Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար, ուկրաինական պատվիրակության անդամ Կիրիլ Բուդանովին լրագրողները հարցրել են՝ արդյոք ռուսական կողմը շարունակում է պահանջել ուկրաինական զորքերի դուրսբերումը Դոնբասից։ Նա խուսափողական պատասխան է տվել.
«Բանակցությունների ընթացքում բարձրացվող հարցը բանակցությունների հարցն է։ Կարևոր է միայն արդյունքը։ Երբ մենք դրան հասնենք, այդ մասին կհայտարարվի հրապարակայնորեն», - ասել է նա։