Հայաստանը զրկվել է ՀԱՊԿ-ում պատասխանատու պաշտոններին իր ներկայացուցիչներին նշանակելու իրավունքից․ Պեսկով
2 րոպեի ընթերցում

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գագաթնաժողովի մասնակիցների որոշմամբ՝ Հայաստանը զրկվել է այս դաշինքի պատասխանատու պաշտոններին իր ներկայացուցիչներին նշանակելու իրավունքից։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է ռուսական РИА Новости լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովին։
«Թեման արծարծվել է, կայացվել է որոշում․․․ Առաջարկվել է և որոշվել է Հայաստանին զրկել ՀԱՊԿ-ում պատասխանատու պաշտոններին իր ներկայացուցիչներին նշանակելու իրավունքից»,- նշել է Պեսկովը՝ «Юнашев Live» տելեգրամյան ալիքին տված մեկնաբանությունում։
ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստը նոյեմբերի 11-ին անցկացվել է Մոսկվայում։
Հայաստանը 2024 թվականի փետրվարին հայտարարել էր ՀԱՊԿ-ի աշխատանքներին իր մասնակցությունը սառեցնելու մասին։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն օրեր առաջ լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել էր, որ ՀԱՊԿ-ի հետ կապված Հայաստանի հետաքրքրությունները սպառվել են։ Նույն ճեպազրույցում նա նշել էր, որ Հայաստանը չի պատրաստվում դուրս գալ ԵԱՏՄ-ից։ Նիկոլ Փաշինյանը նաև որպես Հայաստանի՝ ԵՄ-ին անդամակցելու պաշտոնական հայտ ներկայացնելու իրատեսական ժամկետ է նշել 2027 կամ 2028 թվականը։