Քաղաքականություն

ԱԺ նախագահի տեղակալը չի բացառում ընդդիմության աջակցությունը նոր Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելու հարցում

4 րոպեի ընթերցում

ԱԺ նախագահի տեղակալը չի բացառում ընդդիմության աջակցությունը նոր Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելու հարցում

Խորհրդարանական ընդդիմությունը կարող է աջակցել նոր Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելու նախաձեռնությանը՝ չնայած գործընթացի վերաբերյալ ներկայիս քննադատական հայտարարություններին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նոյեմբերի 11-ին Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում այդպիսի կարծիք է հայտնել ԱԺ նախագահի տեղակալ Վահագն Ալեքսանյանը։

Լրագրողները հետաքրքրվել են՝ իշխանությունն ինչպե՞ս է պատրաստվում ապահովել նախաձեռնության խորհրդարանական աջակցությունը, երբ ընդդիմադիր ուժերն արդեն դեմ են արտահայտվում նոր Սահմանադրություն ընդունելուն։

Ալեքսանյանը պատասխանել է՝ անդրադառնալով տեղական մակարդակում, այսինքն՝ համայնքներում տարբեր քաղաքական ուժերի համագործակցության օրինակներին։ Նրա գնահատմամբ՝ այդ օրինակները ցույց են տալիս, որ քաղաքական բաժանարար գծերը բոլոր հարցերում անանցանելի չեն։

«Կարծում եմ՝ նույն կերպ էլ, նույն հեշտությամբ ու թեթևությամբ էլ առաջիկայում կքվեարկեն Սահմանադրությունը հանրաքվեի դնելու նախագծի օգտին»,– ասել է Ալեքսանյանը։

ԱԺ փոխնախագահը նաև ընդգծել է, որ Սահմանադրության ընդունման կամ մերժման վերջնական որոշումը պատկանում է քաղաքացիներին։

«Նոր Սահմանադրություն ընդունելը կամ Սահմանադրությունը մերժելը ժողովրդի՝ նույն ինքը սահմանադիրի բացառիկ իրավունքն է։ Բացի ժողովրդից՝ ոչ մեկ նման իրավունք չունի»,– նշել է նա։

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը նոյեմբերի 10-ին հայտնել էր, որ նոր Սահմանադրության նախագծի տեքստը նախատեսվում է հրապարակել նոյեմբերին։ Նրա ներկայացմամբ՝ տեքստի ավելի քան 95 տոկոսն արդեն քննարկվել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի անդամների հետ։

Հիշեցնենք, որ ընդդիմադիր 13 քաղաքական ուժեր միավորվել են՝ հայտարարելով, որ դեմ են հանդես գալու նոր Սահմանադրությունն ընդունելու գործընթացին։ Նրանք պնդում են, որ այդ փոփոխություններն արվում են Ադրբեջանի պահանջով, քանի որ արդեն իսկ հայտարարվել է, որ նոր Սահմանադրության տեքստում չի լինելու հղում ՀՀ անկախության հռչակագրին, իսկ Ադրբեջանը ՀՀ Սահմանադրության մեջ հենց Անկախության հռչակագրին արված հղումն են համարում Հայաստանի հետ խաղաղության համաձայնագիրը ստորագրելու միակ խոչընդոտը։ Իշխանությունը իր հերթին վստահեցնում է, որ Ադրբեջանը չի պահանջում և չի կարող պահանջել, որպեսզի ՀՀ-ն փոխի իր Սահմանադրությունը, քանի որ դա ՀՀ ներքին հարցն է։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն օրերս հայտարարել էր, որ Ադրբեջանի նախագահը իր հետ զրույցում ընդունել է, որ Սահմանադրության փոփոխությունը Հայաստանի ներքին հարցն է, սակայն միևնույն ժամանակ տեղյակ է պահել, որ չեն ստորագրելու Հայաստանի հետ խաղաղության համաձայնագիրը, քանի դեռ Հայաստանի Սահմանադրության մեջ հղում կա Անկախության հռչակագրին։ 

Նշենք նաև, որ նոր Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելու համար իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը խորհրդարանում ունեցած ձայները բավարար չեն։ Իշխող ուժին պետք է ևս 6 ձայն, որպեսզի կարողանա հարցը հանրաքվեի դնել, իսկ ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» խմբակցությունները հայտարարել են, որ չեն պատրաստվում այդ հարցում աջակցել իշխանությանը։ 

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում