ԱԺ հանձնաժողովը հավանություն է տվել սահմանամերձ 82 բնակավայրերի սոցիալական աջակցությունը մեկ տարով երկարաձգելու նախագծին
4 րոպեի ընթերցում

Սահմանամերձ 13 համայնքների 82 բնակավայրերի բնակիչներին տրամադրվող սոցիալական աջակցությունն առաջարկվում է շարունակել ևս մեկ տարի՝ մինչև 2028 թվականի հունվարի 1-ը։
Այդ ընթացքում նախատեսվում է գնահատել ծրագրի արդյունավետությունը և դիտարկել այն բարելավելու հնարավորությունները։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ համապատասխան նախագիծը նոյեմբերի 11-ին ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ներկայացրել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Առնակ Ավետիսյանը։
Փոխնախարարը նշել է, որ գործող օրենքի ժամկետն ավարտվում է 2027 թվականի հունվարի 1-ին։ Սահմանամերձ բնակավայրերում սոցիալական աջակցության շարունակականությունն ապահովելու համար Կառավարությունն առաջարկում է այդ ժամկետը երկարաձգել մեկ տարով։
Ավետիսյանի ներկայացմամբ՝ Կառավարությունում քննարկումների արդյունքում նախատեսվել է երկարաձգմանը զուգահեռ ուսումնասիրել, թե 2015 թվականից գործող ծրագիրը որքանով է արդյունավետ ու հասցեական աջակցություն ապահովում շահառուներին։
«Այս մեկ տարվա ընթացքում իրականացնելու ենք ծրագրի արդյունավետության գնահատում։ Այդ իսկ պատճառով առաջարկում ենք այս անգամ ծրագիրը երկարաձգել մեկ տարով »,-ասել է փոխնախարարը՝ ընդգծելով գործող ծրագիրը հնարավորինս բարելավելու նպատակը։
Ավետիսյանը պարզաբանել է, որ ծրագրով փոխհատուցվում է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների կոմունալ ծախսերի մի մասը՝ բնական գազի, էլեկտրաէներգիայի և ոռոգման ջրի վճարների մինչև 50 տոկոսի չափով։ Աջակցությունը ներառում է նաև դպրոցական դասագրքերի արժեքի փոխհատուցումը, ինչպես նաև ականների պայթյունից վիրավորված կամ զոհված քաղաքացիների ընտանիքների համար նախատեսված փոխհատուցումները։
Պատասխանելով ծրագրի ֆինանսական ծավալների վերաբերյալ հարցին՝ փոխնախարարը հայտնել է, որ 2025 թվականին սահմանամերձ բնակավայրերին տրամադրվել է շուրջ մեկ միլիարդ դրամի աջակցություն։ Մոտավորապես նույն ծավալն է նախատեսված նաև 2026 թվականին, ինչպես նաև՝ 2027 թվականի բյուջեի նախագծով։
Նա ներկայացրել է նաև կոմունալ վճարների փոխհատուցման ընթացակարգը․ ծառայություններ մատուցող ընկերությունները բնակիչների համար կիրառում են համապատասխան նվազեցումները, ապա հաշվարկները ներկայացնում մարզպետների աշխատակազմերին։
Կառավարության ներկայացրած նախագծով պահպանվում են նաև անշարժ գույքի հարկի փոխհատուցման դրույթները։ Մասնավորապես՝ ծրագրում ընդգրկված բնակավայրերի գյուղատնտեսական նշանակության և բնակելի կառուցապատման հողատարածքների ու դրանց բարելավումների անշարժ գույքի հարկի տարեկան գումարը նախատեսվում է պետական բյուջեից վճարել համապատասխան համայնքի բյուջե։
Կառավարությունը օրենսդրական նախաձեռնությանը հավանություն էր տվել հոկտեմբերի 1-ին։ Նույն որոշմամբ ֆինանսների նախարարին հանձնարարվել է գնահատել ծրագրի արդյունավետությունը և արդյունքները մինչև 2027 թվականի օգոստոսի 1-ը ներկայացնել տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն։
Քննարկման ավարտին հանձնաժողովը նախագծին տվել է դրական եզրակացություն՝ այն Ազգային ժողովի լիագումար նիստերի օրակարգում ընդգրկելու համար։