Սոցիալական հարցեր

Վեց և ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքներին բնակարանի համար յուրաքանչյուր երեխայի հաշվով 4 միլիոն դրամ կտրվի

4 րոպեի ընթերցում

Վեց և ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքներին բնակարանի համար յուրաքանչյուր երեխայի հաշվով 4 միլիոն դրամ կտրվի

2027 թվականի հուլիսի 1-ի դրությամբ վեց և ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքները ծրագրի պայմաններին համապատասխանելու դեպքում բնակարան ձեռք բերելու կամ տուն կառուցելու համար կկարողանան ստանալ յուրաքանչյուր երեխայի հաշվով 4 միլիոն դրամ աջակցություն։ Գյուղական բնակավայր ընտրող ընտանիքին կտրամադրվի հավելյալ 4 միլիոն դրամ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ կառավարությունը նոյեմբերի 5-ի նիստում հաստատել է բազմազավակ ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիրը։ Այն ներկայացրել է ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարար Արսեն Թորոսյանը։

«Մենք այն ընտանիքներին, որոնք 2027 թվականի հուլիսի 1-ի դրությամբ կունենան վեց և ավելի անչափահաս երեխա, յուրաքանչյուր երեխայի հաշվարկով չորսական միլիոն դրամի հավաստագիր ենք տալիս, որը կարող է իրացվել բանկային հիփոթեքային ծրագրերի վարկավորման միջոցով՝ տուն կառուցելու կամ տուն ձեռք բերելու համար»,-ասել է նախարարը։

Այսպիսով՝ վեց անչափահաս երեխա ունեցող ընտանիքի համար հիմնական աջակցության չափը կկազմի 24 միլիոն դրամ, յոթ երեխայի դեպքում՝ 28 միլիոն, ութ երեխայի դեպքում՝ 32 միլիոն դրամ։

Ծրագրով բնակարան կամ անհատական տուն հնարավոր կլինի ձեռք բերել կամ կառուցել Հայաստանի մարզերում։ Երևանում գույք ձեռք բերելու համար աջակցություն չի նախատեսվում։

Հիփոթեքային վարկի կանխավճարը սահմանված է զրո տոկոս, ժամկետը՝ 120 ամիս։ Պետական աջակցությունը կուղղվի ծրագրով սահմանված չափերի շրջանակում վարկի մայր գումարի և տոկոսագումարների մարմանը։

Գյուղական բնակավայր ընտրելու դեպքում հավելյալ 4 միլիոն դրամը կարող է օգտագործվել տան կառուցման համար հողամաս կամ գյուղատնտեսական հող ձեռք բերելու, ինչպես նաև ծրագրով նախատեսված այլ ուղղություններով։

Աջակցությունը ստանալու համար ընտանիքի բոլոր անդամները պետք է ՀՀ քաղաքացի լինեն։ Ձեռք բերվող կամ կառուցվող տան բնակելի մակերեսը ընտանիքի յուրաքանչյուր անդամի հաշվով պետք է առնվազն 10 քառակուսի մետր լինի։

Ծրագրով սահմանված են նաև եկամտային և գույքային պահանջներ։ Դիմողը, իսկ գրանցված ամուսնության դեպքում՝ նաև ամուսինը, պետք է ներկայացրած լինի նախորդ տարվա եկամուտների հայտարարագիրը։ Ծրագրի կարգով հաշվարկվող եկամուտների հանրագումարը չպետք է գերազանցի 10 միլիոն դրամը՝ ամուսինների դեպքում միասին։

Սահմանափակում կա նաև դիմելուն նախորդող երկու տարիներին 50 միլիոն դրամից ավելի կադաստրային արժեքով բնակելի անշարժ գույք կամ գնման իրավունք ունենալու վերաբերյալ՝ որոշմամբ նախատեսված սեփականության պայմաններով։

Ձեռք բերվող կամ կառուցվող գույքի նկատմամբ սեփականության իրավունքը պետք է գրանցվի ընտանիքի բոլոր անդամների անունով։

Հավաստագրի իրացումից հետո մնացորդ առաջանալու դեպքում այն հնարավոր կլինի ուղղել ձեռք բերված գույքի վերանորոգմանը՝ մինչև 4 միլիոն դրամ, և կահույքի ու կենցաղային տեխնիկայի գնմանը՝ մինչև 2 միլիոն դրամ։

Որոշումն ուժի մեջ կմտնի 2027 թվականի հուլիսի 1-ից։ Դիմումները նախատեսվում է ընդունել էլեկտրոնային եղանակով՝ մինչև 2029 թվականի դեկտեմբերի 31-ը։

Ըստ հիմնավորման՝ համայնքներից հավաքագրված նախնական տվյալներով՝ Հայաստանում վեց և ավելի անչափահաս երեխա ունեցող 643 ընտանիք կա։ Ծրագրի իրականացմամբ ակնկալվում է բարելավել շուրջ 4300 երեխայի բնակարանային պայմանները։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում