Պրոֆեսիոնալիզացիան՝ սոցիալական ոլորտի առաջընթացի ապահովման համար կարևոր պայման. սոցիալական աշխատողի օրվան ընդառաջ մեկնարկել է երկօրյա համաժողով
7 րոպեի ընթերցում

Սոցիալական աշխատողի օրվան ընդառաջ մեկնարկել է «Սոցիալական ծառայությունների աշխատուժի պրոֆեսիոնալիզացիան Հայաստանում. մասնագիտական կրթություն, շարունակական զարգացում և սուպերվիզիա» խորագրով երկօրյա համաժողովը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հայաստանում սոցիալական աշխատողի օրը նշվում է նոյեմբերի 4-ին։
Հայաստանի աշխատանքի և բարեկեցության նախարարի տեղակալ Լուսինե Քոչարյանը համաժողովի բացման ելույթում ընդգծել է, որ սոցիալական աշխատողի միջոցով սևով սպիտակի վրա գրված օրենքներն ու որոշումները վերածվում են գործի։

«Ձեր աշխատանքի շնորհիվ մեր քաղաքականությունում կարողանում ենք կիրառել որակյալ, հասցեական և կարիքային ծառայություն բառակապակցությունները։ Սոցիալական ոլորտի բարեփոխումները հասցեական դարձնելը մեծապես կախված է սոցաշխատողների կարողություններից։ Սոցիալական ոլորտի աշխատողների շարունակական կրթությունը և պրոֆեսիոնալիզացիան մեր քաղաքականության առանցքային ուղղություններից են»,- ասել է Լուսինե Քոչարյանը։
Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Ղասսան Խալիլն էլ կարևորել է սոցիալական աշխատողների մասնագիտական զարգացման համար ներդրումների անհրաժեշտությունը։ Նրա խոսքով՝ առանց աջակցության պետք չէ ակնկալել, որ սոցիալական աշխատողները կպաշտպանեն և կաջակցեն խոցելի երեխաներին ու ընտանիքներին։

Խալիլը նշել է, որ Հայաստանում սոցիալական աշխատողներն ամեն օր այցելում են ընտանիքներ, լսում նրանց, բացահայտում ռիսկային իրավիճակում գտնվող երեխաներին ու ընտանիքներին և օգնում մարդկանց հաղթահարել կյանքի ամենադժվարին պահերը։
«Դժվարությունները հաղթահարելու ճանապարհին կարևոր է սոցիալական աշխատողի ճիշտ մոտեցումը։ Աջակցությունը պետք է հիմնված լինի մարդու իրավունքների վրա, իսկ սոցիալական աշխատողի հաղորդակցման ոճը պետք է լինի մարդկային և կարեկցող։ Սա շատ ավելին է, քան սոցիալական ցանցերի միջոցով հաղորդագրություն ուղարկելը կամ պարզապես «հասկանում եմ ձեր մտահոգությունը» ասելը։ Սա ենթադրում է մարդկանց կողքին լինել, լսել նրանց, ունենալ համբերություն՝ հասկանալու նրանց խնդիրները, ունենալ նվիրում՝ դրանց լուծմանը նպաստելու համար։ Այն ամենը, ինչ ես նշեցի, պետք է ներառվի սոցիալական աշխատողի կրթության մեջ, որպեսզի սոցիալական աշխատանքի համակարգի բարեփոխման յուրաքանչյուր քայլ իմաստալից դառնա։ Եվ սա չափազանց կարևոր է Հայաստանում, որտեղ Կառավարությունը և խորհրդարանը սկսել են բազմաթիվ բարեփոխումներ։

ՅՈՒՆԻՍԵՖ-ի համար սոցիալական ծառայությունների աշխատուժի ամրապնդումը նշանակում է ներդրումներ կատարել երեք փոխկապակցված գործողություններում՝ աշխատուժի պլանավորում, աշխատուժի զարգացում և աշխատուժի աջակցություն։ Պլանավորում նշանակում է հասկանալ, թե քանի սոցիալական աշխատող և սոցիալական աջակից է անհրաժեշտ։ Զարգացնել նշանակում է ներդրումներ կատարել որակյալ մասնագիտական կրթության մեջ և ունենալ երեխաների իրավունքներին ուղղված սոցիալական աշխատողներ։ Աշխատուժի աջակցությունն էլ նշանակում է ապահովել կանոնավոր մասնագիտական վերահսկողություն, էթիկական ուղղորդում, կառավարելի աշխատանքային ծանրաբեռնվածություն, պատշաճ աշխատավարձ, կարիերայի զարգացում և անվտանգ աշխատանքային պայմաններ»,- նշել է Ղասսան Խալիլը։
Հայաստանի Ազգային ժողովի աշխատանքի և բարեկեցության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նազելի Բաղդասարյանն էլ առանձնահատուկ կարևորել է, որ Հայաստանի աշխատանքի և բարեկեցության նախարարությանը 2027 թվականի պետական բյուջեի նախագծով նախատեսվում է հատկացնել 1 տրիլիոն 84 միլիարդ դրամ՝ 91 միլիարդ դրամով ավելի, քան 2026 թվականի հաստատված բյուջեով։

«Այս թվերի հետևում մշտապես պետք է ուշադրություն դարձնել, թե որքանով է փոխվում Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու կյանքը։ Սոցիալական և իրավական պետության հասունությունը դրսևորվում է այն ժամանակ, երբ օրենքով վերապահված իրավունքները դառնում են հասանելի, մատչելի և պաշտպանված։
Առանձնահատուկ կարևորում ենք մեր միջազգային գործընկերների՝ մշտապես աջակցելու պատրաստակամությունը։ Փոփոխվող աշխարհում փոփոխվում է ամեն ինչ, այդ թվում՝ սոցիալական ծառայությունների որակը և հասցեականությունը»,- ասել է Նազելի Բաղդասայանը։
Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավարի տեղակալ Վացլավ Շտերբան էլ անդրադարձել է տարեցների խնամակալության առանցքային հարցին։ Շտերբայի խոսքով՝ տարեց ծնողին խնամելը Հայաստանում իրավական տեսանկյունից պետք է համարվի աշխատանք։

«Տարեց ծնողին խնամելուց զատ, հնարավոր է նաև նույն ծառայությունը մատուցել համայնքի այլ ընտանիքների (օրինակ՝ հինգ այլ ընտանիքի), որտեղ աշխատունակ տարիքի բոլոր անդամներն աշխատում են։
Անհրաժեշտ է ապահովել այն մարդկանց մասնագիտական զարգացումը, որոնք ընտրում են խնամակալի աշխատանքը։ Սա պահանջում է լուրջ փոփոխություններ՝ թե՛ իրավական կարգավորումների, թե՛ համակարգի ֆինանսավորման առումով։ Կարծում եմ՝ սա կարևոր ուղի է, որով արժե ընթանալ»,- նշել է Վացլավ Շտերբան։
Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիայի նախագահ Միրա Անտոնյանն էլ ներկաներին հիշեցրել է, որ 2004 թվականից ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ սերտ գործակցում են՝ յուրաքանչյուր տարի փորձելով սոցիալական ոլորտի տարբեր խնդիրներ լուծել։ Անտոնյանը սոցիալական ոլորտի խնդիրների լուծման ճանապարհին կարևորել է նաև Եվրոպական միության աջակցությունը։

«Միայն պրոֆեսիոնալիզացիան մեզ թույլ կտա հասնել սոցիալական ծառայությունների որակի և արդյունավետության բարձրացման։
Իմ կարծիքով՝ այս տարիների ընթացքում առավել շատ ջանք է գործադրվել երեխաների պաշտպանության ուղղությամբ։ Այս ուղղությամբ ավելի շատ որակյալ կադրեր ունենք, քան սոցիալական ոլորտի մյուս հատվածներում։ Սոցիալական ոլորտի յուրաքանչյուր մասնագետ պետք է ստանա շարունակական կրթություն, որպեսզի կարողանա ժամանակին համահունչ քայլել։ Պրոֆեսիոնալիզացիան անչափ կարևոր է, քանի որ սոցիալական ոլորտում արմատական փոփոխություններ են լինում»,- ընդգծել է Միրա Անտոնյանը։
Սոցիալական ծառայության ոլորտի խնդիրները, առաջարկվող լուծումները համաժողովի շրջանակում կշարունակվեն քննարկվել նոյեմբերի 4-ին։