Տնտեսություն

Կենտրոնական բանկն այս պահին չի կարող գնահատել գազի գնի բարձրացման հնարավոր հետևանքները. Մարտին Գալստյան

3 րոպեի ընթերցում

Կենտրոնական բանկն այս պահին չի կարող գնահատել գազի գնի բարձրացման հնարավոր հետևանքները. Մարտին Գալստյան

Հայաստանի կենտրոնական բանկը լիարժեք տեղեկատվության բացակայության պարագայում չի կարող հստակ հաշվարկներ ներկայացնել երկրի տնտեսության և բնակչության կենսամակարդակի վրա բնական գազի գնի հնարավոր բարձրացման ազդեցության վերաբերյալ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նոյեմբերի 3-ի ասուլիսում հայտարարեց ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը։

«Ինչ վերաբերում է գազի գնին՝ սցենարը ենթադրում է հստակ պարամետրերի առկայություն՝ գնի փոփոխության չափ, ազդեցության ուղղություններ, քաղաքականության գործիքների միջոցով փոխազդեցության գործիքների սահմանում և այլն։ Այսպիսի տեղեկատվություն չունենք, ուստի այդ խնդրի վերաբերյալ որևէ սցենար կառուցելն ինձ թվում է ժամանակավրեպ է։ Ուստի, քննարկել ենք, կատարել ենք զգայունության որոշակի վերլուծություն՝ փորձելով պարզել, թե ինչ կլինի, եթե գազի գինը բարձրանա, օրինակ, 10 տոկոսով։ Մեր գնահատմամբ՝ դա մեր սպառողական գների ինդեքսի վրա կունենա ուղղակի և անուղղակի ազդեցություն։ Ուղղակի ազդեցությունը հանգեցնելու է գազին առնչվող ապրանքների համարժեք թանկացման և գազի գնի 10 տոկոսով թանկացումն այս հատվածում բերելու է 0․6 տոկոս գնաճի։ Իսկ հարակից ճյուղերում, որոնք գազն օգտագործում են վերջնական արտադրանք ստանալու համար, գները կաճեն ևս 0․1-0․2 տոկոսով։ Այսինքն՝ մեր փորձագիտական գնահատականների համաձայն՝ զգայունության տեսանկյունից, եթե գազի գինը թանկանա 10 տոկոսով, ապա գնաճը կարող է կազմել մոտավորապես 0․8 տոկոս և ավելի բարձր։ Կարևոր է նշել, որ տեղեկատվության բացակայության պարագայում չենք կարողանում հասկանալ՝ այս թանկացման մեջ գծայնություն կա՞, թե ո՞չ։ Զարգացումները կախված կլինեն այն սցենարից, որը կլինի»,- նշեց Մարտին Գալստյանը։

Լրագրողի այն հարցին, թե որքա՞ն կկազմի գնաճը, եթե գազը թանկանա ոչ թե 10, այլ, քննարկումներում շրջանառվող 69 տոկոսի տոկոսի չափով՝ Մարտին Գալստյանը պատասխանեց․

«Այդպիսի թվով հաշվարկ չենք արել․ դա մեզ չէր հետաքրքրում, որովհետև այդ հաշվարկի բովանդակային զեկույցում չկար քաղաքականության արձագանքի տարր։ Այսինքն, ենթադրվում է, որ, եթե գներն այդքան թանկանալու են, Հայաստանի պատկան մարմինները հակազդելու ինչ-որ քաղաքականություն են իրականացնելու, որպեսզի գների բարձրացումը նույն կերպ չարտացոլվի մարդկանց կամ տնտեսության վրա։ Այդ մասը չտեսանք, ուստի այս պահի դրությամբ կատարել ենք զգայունության որոշակի վերլուծություն։ Երբ իրավիճակը հստակ լինի՝ այդ դեպքում կներառենք մեր մոդելներում և կհասկանանք մեր վարքագիծը»։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում