ՀՀ ԿԲ նախագահը հիմնավորել է քաղաքականության տոկոսադրույքի բարձրացումը 0.25 տոկոսային կետով
5 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը սեպտեմբերի 15-ի նիստում որոշել է 0.25 տոկոսային կետով բարձրացնել քաղաքականության տոկոսադրույքը՝ այն սահմանելով 6.75%։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասուլիսում հիշեցրեց կարգավորող կառույցի ղեկավար Մարտին Գալստյանը։
Այս կապակցությամբ Կենտրոնական բանկի տարածած հաղորդագրությունում մասնավորապես նշված է, որ 2026 թվականի երրորդ եռամսյակում 12-ամսյա գնաճը Հայաստանում շարունակել է ձևավորվել թիրախից բարձր մակարդակում՝ օգոստոսին կազմելով 4.4, իսկ 12-ամսյա բնականոն գնաճը՝ 4.8%:
«Տարածաշրջանային հակամարտությունների տևականության և դրանց շրջանակի որոշակի ընդլայնման պայմաններում համաշխարհային տնտեսությունում պահանջարկի հետագա թուլացման և, միաժամանակ, գնաճային ճնշումների ավելացման ռիսկերն աստիճանաբար դառնում են ավելի առարկայական։ ԱՄՆ-ում բարձր ներդրումային ակտիվությունը և հարկաբյուջետային կայունության շուրջ աճող մտահոգությունները ձևավորել են երկարաժամկետ չեզոք տոկոսադրույքների հնարավոր աճի ուղղությամբ ռիսկեր՝ զարգացող երկրներում չեզոք տոկոսադրույքների և կապիտալի հոսքերի վրա համապատասխան ազդեցություններով։
Եվրագոտում և Ռուսաստանում, չնայած երկրորդ եռամսյակում տնտեսական աճի թույլ վերականգնմանը, կառուցվածքային խնդիրները խորանում են՝ հանգեցնելով նաև միջնաժամկետ աճի հեռանկարի վատթարացմանը: Մերձավոր Արևելքում լարվածության աճի պայմաններում էներգակիրների գները շարունակել են ձևավորվել բարձր մակարդակներում, իսկ կուտակված պաշարների աստիճանական նվազումը մեծացնում է շուկայի խոցելիությունն առաջարկի հնարավոր նոր ցնցումների նկատմամբ։ Այս համատեքստում առավել առարկայական են դարձել առաջատար երկրների կենտրոնական բանկերի կողմից քաղաքականության տոկոսադրույքների հետագա բարձրացման և բարձր մակարդակներում երկար պահպանման ռիսկերը»,- ասուլիսի ընթացքում տեղեկացրեց Մարտին Գալստյանը:
Ըստ նրա՝ այս տարվա երկրորդ եռամսյակում տնտեսական աճը Հայաստանում արագացել է՝ ձևավորվելով երկարաժամկետ կայուն մակարդակից բարձր:
«Տնտեսական աճին շարունակել են մեծապես նպաստել շինարարության և ծառայությունների ճյուղերի զարգացումները՝ մատնանշելով ավելցուկային պահանջարկի առկայության մասին: Վերջինս արտահայտվում է նաև վերջնական սպառման ապրանքների ներմուծման և մանրածախ առևտրի աճի բարձր ցուցանիշներում: Ավելին, նկատվում են նաև արտաքին պահանջարկի ընդլայնման ազդակներ՝ առավելապես արտահայտվելով դեպի ՀՀ այցելությունների զգալի աճով, ինչը ձևավորում է նաև էական ռիսկեր համապատասխան ոլորտներում աշխատավարձերի աճի և ծառայությունների գների արագացման ուղղությամբ։
Մյուս կողմից՝ դեպի ՌԴ արտահանման սահմանափակումներով պայմանավորված՝ ներքին շուկայում ավելցուկային առաջարկի ձևավորման, ինչպես նաև սպառողական և ներդրումային վստահության թուլացման ռիսկերը պահպանվում են»,- նշեց նա։
Մարտին Գալստյանն ընդգծեց, որ մակրոտնտեսական ընթացիկ զարգացումների պայմաններում ՀՀ ֆինանսական շուկայի մասնակիցները միջինում ակնկալում են առաջիկա մեկ տարվա հորիզոնում ԿԲ կողմից քաղաքականության տոկոսադրույքի ընթացիկ մակարդակի պահպանում՝ միջնաժամկետում նվազեցնելով մինչև 6.25%:
Նշվեց, որ քննարկված ռիսկերի և առկա անորոշությունների պայմաններում ԿԲ խորհուրդը մի կողմից դիտարկել է Ա տիպի սցենարներ՝ կապված ներքին տնտեսությունում ավելի բարձր պահանջարկի պայմանների առկայության, արտաքին պահանջարկի հետագա ընդլայնման և գնաճային սպասումների ավելացման ռիսկերի հետ, որոնք պահանջում են շուկայական սպասումների համեմատությամբ քաղաքականության ավելի բարձր տոկոսադրույքի ուղի։
Քննարկվել են նաև Բ տիպի սցենարներ՝ կապված համաշխարհային տնտեսության աճի դանդաղեցման հեռանկարի, դեպի ՌԴ արտահանման սահմանափակումների հետևանքով գնանկումային ռիսկերի ձևավորման և ՀՀ ռիսկի հավելավճարի հիմնարար նվազման հետ, որոնք ենթադրում են շուկայական սպասումների համեմատությամբ քաղաքականության ավելի ցածր տոկոսադրույքի ուղի:
Արդյունքում, կարևորելով Ա տիպի սցենարներից բխող մակրոտնտեսական ազդեցությունների կառավարման անհրաժեշտությունը՝ ՀՀ ԿԲ խորհուրդը որոշել է բարձրացնել քաղաքականության տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 6.75%։
Խորհուրդը կշարունակի մշտադիտարկել տնտեսության զարգացման սցենարները և պատրաստ է ձեռնարկելու համարժեք գործողություններ՝ միջնաժամկետ հորիզոնում գնաճի 3% նպատակի և գների կայունության ապահովման համար: