ԿԲ նախագահն անդրադարձավ հայկական ապրանքների արտահանման սահմանափակումների հետ կապված ռիսկերին
2 րոպեի ընթերցում

Հայկական ապրանքների արտահանման սահմանափակումները պարունակում են դեֆլյացիոն ռիսկեր, կարող են նաև հանգեցնել ազգային դրամի արժեզրկմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս վտանգներին հունիսի 16-ի ասուլիսում անդրադարձավ ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։
Ստեղծված իրավիճակից բխող հնարավոր ռիսկերի վերաբերյալ լրագրողի հարցին Մարտին Գալստյանը պատասխանեց․
«Էմբարգոյի հետևանքով դեֆլյացիոն ռիսկեր (տնտեսությունում այնպիսի իրավիճակ, երբ փողի գնողունակությունը մեծանում է, մինչդեռ ապրանքների և ծառայությունների գները նվազում են - խմբ․) տեսնում ենք։ Եթե արտահանումը էապես նվազի և դա չեզոքացնենք վճարային հաշվեկշռի այլ կոմպոնենտներով՝ դա կարող է ազդեցություն ունենալ դրամի փոխարժեքին։ Այո, Կենտրոնական բանկը դիտարկում է հնարավորությունը, որ էմբարգոյով և այլ տնտեսական պատժամիջոցների կիրառման հետևանքով տնտեսությունում կարող են լինել որոշակի կարճաժամկետ խնդիրներ»։
Գալստյանը նաև հայտնեց, որ ստեղծված իրավիճակում Կենտրոնական բանկը մտածում է վարկային պարտավորություններ ունեցող ֆերմերներին համապատասխան ծրագրերով աջակցելու հնարավորության մասին։
«Բանկերի հետ պայմանավորվածություն դեռևս չկա։ Այս պահի դրությամբ դեռ պետք է քննարկումներ լինեն կառավարության գործընկերների հետ, ինչին կհաջորդեն արդեն բանկերի հետ մեր քննարկումները։ Սրա միջով մի քանի անգամ արդեն անցել ենք՝ համավարակի և պատերազմի ժամանակ։ Օժանդակության ծրագրերը բնույթով նորը չեն լինելու»,- ընդգծեց ԿԲ նախագահը։
Մարտին Գալստյանը նշեց նաև․ «Եթե հանկարծ գազի գինը բարձրանա՝ դա բերելու է բնականաբար գնաճի և ունենալու է երկրորդային ազդեցություն»։
