ՀՀ ԿԲ-ն շրջանառության մեջ կդնի «COP17» արծաթե հուշադրամը
2 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը 2026 թվականի հոկտեմբերի 5-ին շրջանառության մեջ կդնի «COP17» արծաթե հուշադրամը՝ նվիրված ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին:

Դիմերես` ՀՀ զինանշանը և ոճավորված եռագույնը:
Դարձերես` COP17-ի պատկերանիշը՝ ոճավորված երևանյան կապտաթիթեռի տեսքով, «COP17, YEREVAN, ARMENIA», «TAKING ACTION FOR NATURE» («ԳՈՐԾԵԼՈՎ ՀԱՆՈՒՆ ԲՆՈՒԹՅԱՆ») մակագրությունները:
Էսքիզների հեղինակ՝ Աննա Կուրղինյան:
Հուշադրամը հատվել է Նիդեռլանդների արքայական դրամահատարանում:
Տեխնիկական չափանիշները
Անվանական արժեքը 1000 դրամ
Մետաղը/հարգը արծաթ 9250
Քաշը 33,6 գ
Տրամագիծը 40,0 մմ
Որակը պրուֆ
Դրամաշուրթը ատամնավոր
Թողարկման քանակը 300 հատ
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ կենտրոնական բանկի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ «COP17» հուշադրամը, հավաստագիրը և տեղեկատվական գրքույկը պատրաստված են վերամշակված նյութերից:

Հայաստանը 2026 թվին հյուրընկալում է COP17-ը և մինչև 2028 թիվը ստանձնում կոնվենցիայի նախագահությունը՝ հանձնառելով մեկտեղել մարդկության առջև ծառացած բնապահպանական մարտահրավերներին դիմագրավելու միջազգային ջանքերը։
COP17-ի պաշտոնական պատկերանիշը երևանյան կապտաթիթեռն է (Polyommatus eriwanensis)՝ Հայաստանի Կարմիր գրքում ընդգրկված էնդեմիկ տեսակ։
Կենսաբազմազանության կոնվենցիան գլոբալ բնապահպանական երեք կոնվենցիաներից մեկն է, որը համակարգում է միջազգային ջանքերը՝ ուղղված կենսաբազմազանության պահպանմանն ու վերականգնմանը, շրջակա միջավայրի հարակայունությանը և բնական ռեսուրսների կայուն օգտագործմանը:
Կոնվենցիայի շրջանակում որոշումներ կայացնող բարձրագույն մարմինը՝ Կողմերի համաժողովը կամ COP-ը (Conference of Parties), երկու տարին մեկ հրավիրում է 196 անդամ երկրների, որոնք միասին մշակում են կիրարկման մեխանիզմներ ու ապահովում դրանց իրականացումը: