Մարզեր

Գյումրիի գլխավոր տոնածառի և քաղաքի տոնական ձևավորման համար կհատկացվի 37 մլն 350 հազար դրամ

3 րոպեի ընթերցում

Գյումրիի գլխավոր տոնածառի և քաղաքի տոնական ձևավորման համար կհատկացվի 37 մլն 350 հազար դրամ

Գյումրիի կենտրոնական՝ Վարդանանց հրապարակի տոնածառի և քաղաքի փողոցների տոնական ձևավորման համար համայնքի ավագանին կհատկացնի 37 միլիոն 350 հազար դրամ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ավագանու հերթական նիստում նախագիծն ընդունվել է միաձայն։

Նախագծի հիմնավորման համաձայն՝ Ամանորին ընդառաջ անհրաժեշտություն է առաջացել ապահովել քաղաքի տոնական ձևավորումը, ստեղծել բարեկարգ և տոնական միջավայր՝ համայնքի բնակիչների ու այցելուների համար։ Առկա տոնական զարդարանքների մի մասը շահագործման ընթացքում մաշվել կամ վնասվել է, ինչի պատճառով անհրաժեշտություն է առաջացել ձեռք բերել նոր զարդարանքներ, ինչպես նաև վերանորոգել առկա լուսավորությունն ու դեկորատիվ տարրերը՝ դրանց հետագա անվտանգ օգտագործումն ապահովելու նպատակով։ Գումարը կտրամադրվի մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված կազմակերպությանը։ Տոնական ձևավորումն ընդգրկելու է ոչ միայն քաղաքի կենտրոնական հատվածը, այլև Գյումրիի տարբեր թաղամասերն ու փողոցները։ Քաղաքի տոնական ձևավորման աշխատանքները նախատեսվում է սկսել դեկտեմբերի 7-ից։ Ավագանու անդամներն առաջարկել են գլխավոր տոնածառի լույսերի վառման արարողությունն ավելի վաղ կազմակերպել։

Ավագանին մեկ այլ որոշմամբ հաստատել է նաև Ամանորի միջոցառումների շրջանակում տոնական պարկերի ձեռքբերման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների հատկացումը. ամանորյա նվերների փաթեթներ կստանա համայնքապատկան մանկապարտեզներ հաճախող 2781 երեխա։ Պարկեր կտրամադրվեն նաև սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներին։

Օրակարգի մեկ այլ հարցով որոշում է կայացվել դրամաշնորհներ հատկացնել Գյումրի համայնքի համայնքային ոչ առևտրային կազմակերպություններին։ Ավագանին անդրադարձել է նաև շրջիկ առևտրի կազմակերպմանն ու փողոցային առևտրի խնդրին։ Նշվել է, որ Շահումյան փողոցի և Հաղթանակի պողոտայի որոշ հատվածներ շարունակում են օգտագործվել փողոցային առևտրի նպատակով։ Համայնքի  ղեկավարի պաշտոնակատար Ավետիս Առաքելյանը շեշտել է, որ հարցը պահանջում է հետևողական և խիստ մոտեցում՝ վստահեցնելով, որ համայնքապետարանը շարունակելու է վերահսկողությունը՝ փողոցային առևտրի կարգավորման ուղղությամբ։

Նիստի օրակարգում ընդգրկված մնացած հարցերը վերաբերում էին համայնքի ֆինանսական միջոցների բաշխմանը, համայնքային գույքի կառավարմանը, հողամասերի օտարմանն ու վարձակալությանը, ինչպես նաև սոցիալական, բնապահպանական և քաղաքային տնտեսությանն առնչվող խնդիրներին։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում