Կայացել է «Հարավկովկասյան երկաթուղու» կառավարման արդյունավետության հետ կապված խնդիրները քննարկելու նպատակով ստեղծված աշխատանքային խմբի առաջին հանդիպումը
1 րոպեի ընթերցում

Երևանում կայացել է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ կոնցեսիոն կառավարման արդյունավետության հետ կապված խնդիրները քննարկելու նպատակով ստեղծված աշխատանքային խմբի առաջին հանդիպումը։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից, աշխատանքային խմբի ղեկավար, ՏԿԵ նախարարի տեղակալ Դավիթ Իվանյանը ներկայացրել է կառավարության տեսլականը՝ երկաթուղային ցանցի զարգացման և տարածաշրջանային հաղորդակցությունների վերականգնման վերաբերյալ՝ ընդգծելով դրանց նշանակությունը տարածաշրջանի և Հայաստանի տնտեսության համար։
Ռուսական կողմը հանդիպման ընթացքում ներկայացրել է երկաթուղային ցանցի զարգացման և բեռնահոսքերի աճի հեռանկարների վերաբերյալ իր գնահատականները՝ ուշադրություն հրավիրելով տարածաշրջանում առկա մրցակցության, ազատ թողունակության և ներդրումների վերադարձելիության ապահովման հարցերին։
Հանդիպման արդյունքում կողմերը պայմանավորվել են շարունակել աշխատանքները և պարբերաբար կազմակերպել հանդիպումներ՝ ստեղծված աշխատանքային խմբի առջև դրված խնդիրներին լուծումներ տալու նպատակով։
Հիշեցնենք, որ տվյալ աշխատանքային խումբը ստեղծվել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ։