ԱԺ նախագահն առաջարկել է Արսեն Գևորգյանի մահվան դեպքը քննարկել առանց քաղաքական շահարկումների
3 րոպեի ընթերցում

ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանն առաջարկել է Ստեփանավանի ավագանու ընտրություններում «Ուժեղ Հայաստան» կուսակցության ցուցակը գլխավորած Արսեն Գևորգյանի մահվան դեպքի վերաբերյալ քննարկումները կենտրոնացնել կալանավայրերում մարդկանց առողջությանը հետևելու որակի ու մեխանիզմների վրա՝ զերծ մնալով քաղաքական շահարկումներից։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ռուբինյանը նոյեմբերի 17-ի նիստում ցավակցություն է հայտնել Գևորգյանի ընտանիքի անդամներին և նշել, որ կալանավայրերում առողջության պահպանման վերաբերյալ հարցադրումները համարում է հիմնավոր ու օգտակար։
«Եթե մեր ընդդիմադիր գործընկերները սրանից ելնելով բարձրացնեին հարց, որ եկեք քննարկենք՝ արդյոք կալանավայրերում կալանավորների առողջությանը պատշաճ են հետևում, և նույնիսկ ասեին՝ կոնկրետ այս դեպքի օրինակով եկեք քննության առնենք, ստուգենք, դա կլիներ լեգիտիմ հարցադրում, լեգիտիմ պահանջ, օգտակար պահանջ՝ ասեմ ավելին»,- հայտարարել է Ռուբինյանը։
Նա քննադատել է ընդդիմադիրների այն հայտարարությունները, որոնցում Գևորգյանը ներկայացվում է որպես քաղբանտարկյալ, իսկ նրա մահվան պատասխանատվությունը վերագրվում է իշխանությանը։ Ռուբինյանի խոսքով՝ նման պնդումներին արձագանքելիս իշխանության ներկայացուցիչները ստիպված են հիշեցնել նաև Գևորգյանին առաջադրված մեղադրանքի մասին։
ԱԺ նախագահն առաջարկել է քննարկման առանցքում պահել ազատությունից զրկված անձանց առողջության պահպանման հարցը։
«Ինչպե՞ս է պետք քննարկել այս թեման առանց քաղաքական շահարկման։ Շատ պարզ ձևով՝ քաղաքական կոմպոնենտը ամբողջովին հանելով այդտեղից։ Տակը ի՞նչ է մնում՝ կալանավայրում մարդկանց առողջությանը հետևելու որակ և մեխանիզմներ։ Սա եկեք քննարկենք»,- ասել է նա։
Ռուբինյանը նաև նշել է, որ մահացած անձի վերաբերյալ խոսելիս անհրաժեշտ է հաշվի առնել նրա հարազատների զգացմունքները։
«Հանգուցյալի ընտանիքների հույզերի հանդեպ ուշադիր ենք և չենք ուզում շատ խորանալ այս խոսակցության մեջ»,- ընդգծել է ԱԺ նախագահը։
Արսեն Գևորգյանը նոյեմբերի 10-ին մահացել է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում։ Նա հոկտեմբերի 21-ից կալանավորված էր ընտրակաշառք տալու մեղադրանքով, որը չէր ընդունում։ Մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։