Ինքնագլորների նոր կանոններ և երեխաների փոխադրման տուգանքի խստացում․ ԱԺ-ում նախագիծ է քննարկվում
4 րոպեի ընթերցում

Ազգային ժողովում քննարկվում է օրենսդրական փաթեթ, որով առաջարկվում է խստացնել երեխաների փոխադրման կանոնները խախտելու պատասխանատվությունը և վերանայել ինքնագլորների օգտագործման պայմանները։
Փոփոխություններ են առաջարկվում նաև Road Control հավելվածից օգտվելու և թմրամիջոցների դեմ պայքարի կարգավորումներում։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ փաթեթը նոյեմբերի 17-ի նիստում ներկայացրել է ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը։
Նրա խոսքով՝ մինչև 12 տարեկան երեխաների փոխադրման կանոնները խախտելու համար առաջարկվում է գործող 5000 դրամ տուգանքը բարձրացնել 20 հազար դրամի և նախատեսել մեկ տուգանային միավոր։
«Մինչև 12 տարեկան երեխաների փոխադրման կանոնները խախտելու համար 5000 դրամը բարձրացնել 20 հազար դրամի և նախատեսել մեկ տուգանային միավոր»,- ասել է փոխնախարարը։
Առանձին կարգավորումներ են առաջարկվում անհատական շարժունակության միջոցների՝ ինքնագլորների օգտագործման համար։ Դրանք վարելն առաջարկվում է թույլատրել 16 տարին լրացած անձանց՝ առանց «AM» ենթակարգի տրանսպորտային միջոց վարելու իրավունք ունենալու պահանջի։
Մայթերում և հետիոտների համար նախատեսված տարածքներում առաջարկվում է սահմանել 10 կմ/ժ առավելագույն արագություն։ Արագությունը չափող սարքի փոխարեն նախատեսվում է սահմանել այն սահմանափակող սարքի առկայության պահանջ։
«Այդպիսի միջոցների առավելագույն արագությունը հետիոտների համար նախատեսված վայրերում և մայթերում սահմանել 10 կմ/ժ արագությունը, իսկ վերջիններիս արագությունը չափող սարքի իրավական սահմանումը վերաձևակերպել «արագությունը սահմանափակող» ձևակերպմամբ՝ դրանով իսկ ինքնաշխատ կերպով մայթերում դրանց արագությունը սահմանափակել»,- ասել է Մկրտչյանը։
Փոխնախարարը ներկայացրել է նաև Road Control հավելվածից օգտվելու ընթացակարգը պարզեցնելու առաջարկները։ Նախատեսվում է հանել խիստ նույնականացման պահանջը և նույն տրանսպորտային միջոցի խախտումները կրկին նկարահանելու սահմանափակումը։
«Նույնականացման քարտով կամ անձ հաստատող փաստաթղթով էր հնարավոր այս հավելվածը գործարկել։ Սա հանում ենք, որովհետև քաղաքացիներից ստանում ենք արդարացված դժգոհություններ՝ բարդության հետ կապված»,- նշել է նա։
Թմրամիջոցների շրջանառության կարգավորումների մասով առաջարկվում է Կառավարությանը լիազորել դրանք դասակարգել ըստ վտանգավորության և ամեն տարի վերանայել դասակարգումները։
«Մենք օրենքով լիազորում ենք Կառավարությանը, որպեսզի թմրամիջոցներն ըստ վտանգավորության դասակարգվեն և յուրաքանչյուր տարի այս դասակարգումները վերանայվեն»,- ասել է Մկրտչյանը։
Առաջարկվում է նաև ուժը կորցրած ճանաչել «Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» օրենքի յոթերորդ գլուխը, որով նախատեսված է ոլորտի համար առանձին տարեկան ծրագրի մշակման ընթացակարգ։
«Հանցավորության դեմ պայքարի միասնական քաղաքականության տեսանկյունից այլևս արդյունավետ չի այս մեթոդը, և մենք այդ պրոցեսները փոխկապակցված ենք պատրաստվում իրականացնել»,- նշել է փոխնախարարը։
Փաթեթի հիմնավորման համաձայն՝ ոլորտի միջոցառումների պլանավորումն ու ֆինանսավորումն առաջարկվում է կազմակերպել գործող ռազմավարական փաստաթղթերի և պետական մարմինների ընթացիկ ու թիրախային միջոցառումների շրջանակում՝ նվազեցնելով ծրագրերի հնարավոր կրկնություններն ու վարչարարական բեռը։