Հայաստան

Գործնական հմտությունների կատարելագործում․ Մալիշկա գյուղի դպրոցում անցկացվել է հատուկ-տակտիկական ուսումնավարժություն

2 րոպեի ընթերցում

Գործնական հմտությունների կատարելագործում․ Մալիշկա գյուղի դպրոցում անցկացվել է հատուկ-տակտիկական ուսումնավարժություն

Վայոց ձորի մարզի Մալիշկա բնակավայրի թիվ 1 միջնակարգ դպրոցում նոյեմբերի 11-ին անցկացվել է «Երկրաշարժի դեպքում տարհանման, հրդեհաշիջման, որոնողափրկարարական և վթարավերականգնողական աշխատանքների իրականացումը» թեմայով ցուցադրական հատուկ-տակտիկական ուսումնավարժություն։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։ 

Ուսումնավարժության նպատակը հրդեհաշիջման, փրկարարական և անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքների ժամանակ արձագանքող ուժերի պատրաստվածությունը ստուգելը, գործնական ունակությունները կատարելագործելն ու տարբեր ծառայությունների փոխգործակցությունը զարգացնելն էր։

Ըստ սցենարի՝ երկրաշարժի հետևանքով մասնակի փլուզվել էր դպրոցի մասնաշենքերից մեկը, իսկ երրորդ հարկի դասասենյակներից մեկում հրդեհ էր բռնկվել։ Կային պայմանական տուժածներ և փլատակներում արգելափակվածներ։

Ցնցումներից հետո դպրոցի անձնակազմը կազմակերպել էր աշակերտների տարհանումը դեպի անվտանգ տարածք, ինչից հետո իրականացվել էր անձնակազմի և աշակերտների անվանականչ։

Դեպքի վայր էին մեկնել ՆԳՆ փրկարար ծառայության օպերատիվ խմբեր և մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարներն իրականացրել էին հետախուզական, հրդեհաշիջման և որոնողափրկարարական աշխատանքներ, միաժամանակ պարանային տեխնիկայի կիրառմամբ իջեցրել երրորդ հարկում արգելափակվածներին, իսկ փլատակներից պատգարակման միջոցով դուրս բերել պայմանական տուժածների։

Կարմիր խաչի ընկերության Վայոց ձորի մասնաճյուղի արագ արձագանքման թիմի հետ համատեղ տուժածներին ցուցաբերվել էր առաջին օգնություն, տուժածներից ոմանք էլ շտապօգնության մեքենայով տեղափոխվել էին բժշկական կենտրոն։

Ուսումնավարժությանը ներգրավված էին ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության և Համայնքային ոստիկանության ծառայողներ, «Գազպրոմ Արմենիա» և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունների վթարավերականգնողական խմբեր, շտապօգնության ծառայության բրիգադ և Հայկական Կարմիր խաչի ընկերության Վայոց ձորի մարզային մասնաճյուղի արագ արձագանքման թիմը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում