ՆԳՆ-ն առաջարկում է վարորդի կողմից թմրամիջոց օգտագործելու փաստը ստուգել տեղում՝ թքի միջոցով
1 րոպեի ընթերցում

Ազգային ժողովում քննարկվող օրենսդրական փաթեթով առաջարկվում է հնարավորություն ստեղծել տեղում՝ թքի հետազոտությամբ պարզելու վարորդի՝ թմրամիջոց օգտագործելու հանգամանքը։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը նոյեմբերի 17-ին Ազգային ժողովի նիստում նշել է, որ փոփոխությունը վերաբերում է ստուգման եղանակին։
«Նախագծերով մենք առաջարկում ենք նաև հնարավորություն ստեղծել, որպեսզի տեղում հնարավոր լինի ստուգել վարորդի սթափության վիճակը՝ թմրամիջոցների օգտագործման տեսանկյունից»,- ասել է նա։
Մկրտչյանի խոսքով՝ այս կարգավորմամբ պատասխանատվության խստացում չի առաջարկվում։
«Այստեղ մենք սանկցիաների ավելացում չենք նախատեսում, սանկցիաները մնում են նույնը։ Ուղղակի հնարավորություն ենք ստեղծում, որպեսզի տեղում թքի միջոցով հնարավոր լինի պարզել վարորդի՝ թմրամիջոց օգտագործելու հանգամանքը, իսկ ներկայում դա միայն արյան և մեզի ստուգմամբ է հնարավոր անել՝ լաբորատոր պայմաններում»,- պարզաբանել է փոխնախարարը։