ԱԺ-ում կաթողիկոսի վերաբերյալ հայտարարություններից հետո «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորները լքել են նիստերի դահլիճը
3 րոպեի ընթերցում

Ազգային ժողովում նոյեմբերի 17-ին լարված իրավիճակ է ստեղծվել Գարեգին Բ կաթողիկոսի վերաբերյալ իշխանական պատգամավորների հայտարարություններից հետո։
Ընդդիմադիր պատգամավորները բողոքել են՝ հարվածելով սեղաններին, իսկ ավելի ուշ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորները լքել են նիստերի դահլիճը։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ միջադեպից առաջ խորհրդարանը 33 կողմ և 54 դեմ ձայներով չէր ընդունել «ժողովրդավարության հետընթացի և քաղաքական հալածանքների ենթարկվող անձանց իրավունքների պաշտպանության վերաբերյալ» ընդդիմության հայտարարության նախագիծն օրակարգում ընդգրկելու մասին որոշումը։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը դեմ էր քվեարկել։
Դրանից հետո ելույթ ունեցած ՔՊ խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը հայտարարել է, որ նախագիծը շուրջ երկու ժամ քննարկվել է պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում՝ ուղիղ հեռարձակմամբ։ Անդրադառնալով նախորդ օրվա խորհրդարանական լսումներին՝ նա քննադատական արտահայտություններ է հնչեցրել ընդդիմության և կաթողիկոսի հասցեին՝ վերջինիս հիշատակելով աշխարհիկ անունով։ Դրան հաջորդել են սեղաններին ընդդիմադիր պատգամավորների հարվածները։
Նիստը վարող Ռուբեն Ռուբինյանը մի քանի անգամ խնդրել է վերականգնել Հակոբյանի ելույթի ժամանակը, ապա միջամտել։
«Ես դեմ եմ, որ որևէ պատգամավոր կաշկանդվի այստեղ որևէ ոչ վիրավորական արտահայտություն արտաբերելուց։ Եթե ուզում եք արտաբերել այդ մարդու անունը, ազատ արտաբերեք»,- ասել է Ռուբինյանը։
Այնուհետև նա ինքն է կաթողիկոսի հասցեին մի շարք մեղադրանքներ հնչեցրել՝ նրան անվանելով, մասնավորապես, «ԿԳԲ գործակալի եղբայր», «կուսակրոնության ուխտը խախտած» և «կոռուպցիոներների պաշտպան»։ Ռուբինյանը նաև հայտարարել է, որ կաթողիկոսը պետք է հեռանա։ Նրա խոսքի ընթացքում ընդդիմադիրները շարունակել են հարվածել սեղաններին, իսկ իշխանական պատգամավորները ծափահարել են։
Ելույթը շարունակելով՝ Հակոբյանը չի համաձայնել ընդդիմության հայտարարության նախագծի գնահատականներին։ Նրա խոսքով՝ հանձնաժողովում քննարկվել են Հայաստանում առկա տարբեր խնդիրներ, որոնք իշխանական պատգամավորները բարձրացնում են նաև գործադիրի ներկայացուցիչների հետ քննարկումների ժամանակ։
«Հարցը ձեր ձևակերպումներն են և բուն բնույթն է ձեր հայտարարության, որը իրականությանը չի համապատասխանում»,- ասել է պատգամավորը։
Անդրադառնալով Ստեփանավանի ՏԻՄ ընտրություններում «Ուժեղ Հայաստան» կուսակցության համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանի մահվանը՝ Հակոբյանն ընդդիմությանը մեղադրել է նրա մահը քաղաքական նպատակներով օգտագործելու մեջ։
«Դեռևս այդ մարդու մարմինը չէր սառչել, դուք արդեն քաղաքական մանրադրամ էիք դարձրել ձեր գործընկերոջ անունը և մահը»,- հայտարարել է նա։
Ելույթի այս հատվածում ընդդիմադիր պատգամավորները սկսել են լքել նիստերի դահլիճը։